Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Սթիվեն Մաննը եւ Յուրի Մերզլյակովը:

Անցած ամիս, հիշեցնենք, Մերզլյակովը հյուրընկալել էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեին:

Սթիվեն Մաննը վաղը ժամանելու է Երեւան:

«Նա տարածաշրջան է մեկնում վճռական տրամադրությամբ՝ ակնկալելով լուրջ եւ արդյունավետ հանդիպումներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Մերզլյակովը:

Մայիսի սկզբին նախատեսված է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման շուրջ, դա չի՞ նշանակի արդյոք, որ նախագահները ընդունելի են համարում Մինսկի խմբի նոր առաջարկները: Այս հարցին Մերզլյակովը պատասխանեց. - «Ոչ, չի նշանակում: Գուցե կողմերը հանդիպեն՝ քննարկելու համար նոր առաջարկները, եւ հետո հնարավոր է, որ այդ առաջարկների մի մասը ընդունելի լինի կողմերի համար, իսկ մյուս մասը նոր ձեւակերպման կարիք ունենա: Այդ բոլոր հարցերը նպատակահարմար է նախագահների հանդիպման ժամանակ քննարկել»:

Մինսկի խումբը իր նոր առաջարկները արդեն ձեւակերպել է: Դրանց հետ թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի իշխանությունները արդեն ծանոթացել են: Իսկ թե ընդունելի կլինե՞ն դրանք, թե՞ ոչ, պարզ կլինի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից հետո:

Մինչ այդ վաղը Մոսկվա են ժամանելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները՝ մասնակցելու ԱՊՀ երկրների արտգործնախարարների հերթական խորհրդի նիստին:

Նիստի օրերին նախատեսվում է Մերզլյակովի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ: Օսկանյանի հետ ռուսաստանցի համանախագահի հանդիպումը չի բացառվում, թեեւ կոնկրետ պայմանավորվածություն չկա, քանի որ Հայաստանի արտգործնախարարը շատ կարճ ժամանակ է մնալու Ռուսաստանի մայրաքաղաքում:

Օսկանյան - Մամեդյարով հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:


Ազա Բաբայան, Մոսկվա

(Լուսանկարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG