Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»֊-ին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը փաստում է. - «Այսօր ռազմական գործողություններ սկսելը միայն Ադրբեջանի որոշումը չի կարող լինել: Այնտեղ մեծ ներդրումներ են եղել հենց այն հավաստիացումների վրա, որ պատերազմը բացառվում է: Այնպես որ, այսօր Ադրբեջանի եւ Ալիեւի հնարավորությունները այդ առումով բավական սահմանափակ են: Նրանք միայն ծայրահեղ կտրուկ շեղումների դեպքում են կարող այդ քայլին գնալ, ինչն իրենք էլ հասկանում են, որ իրենց համար հղի է բազմաթիվ բացասական հետեւանքներով, ներառյալ այն, որ սա կլինի նրանց կողմից վերջին պատերազմի փորձը, որովհետեւ կօրինականացվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե Ադրբեջանը գնում է պատերազմի, նշանակում է՝ ինքը որոշել է հարցը լուծել ոչ թե կոմպրոմիսային տարբերակով, այլ` միակողմանի: Այսինքն, նշանակում է արդեն, որ իրենք խախտել են խաղի կանոնները: Եթե այդպես է, ուրեմն Հայաստանն էլ է իրեն իրավունք վերապահում միակողմանի քաղաքական լուծում տալ հարցին, որի բնական դրսեւորումը կարող է լինել ԼՂ անկախության ճանաչումը»:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Մանուկ Գասպարյանը «Ագզ»-֊ում կանխատեսում է. - «Եթե նախորդ խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորները ծախսում էին 200-300 հազար ԱՄՆ դոլար` միջին հաշվով, իսկ համամասնականով` 150-250 հազար դոլար, որպեսզի առանց չարչարվելու մտնեն խորհրդարան անցողիկ համարներով, ապա 2007-ի ընտրություններին ծախսերի չափը ավելի է մեծացել՝ կապված ընտրատարածքների խոշորացման հետ: Եվ երկու ընտրակարգով` մեծամասնական, թե համամասնական, երկուսն էլ ամենաքիչը կարժենան 500 հազար ԱՄՆ դոլարից ոչ պակաս՝ մեկ պատգամավորական անցողիկ տեղի համար»: Ինչ վերաբերում է իր եւ իր կուսակցության ճակատագրին, ապա Մանուկ Գասպարյանը համոզված է. - «Ես 7 տարի իմ կուսակցությունով աշխատում եմ, ու մաքուր կենսագրություններ ունեցող մարդկանցով մենք հաջորդ ԱԺ-ում կլինենք մեծամասնություն եւ կզբաղեցնենք երկրի վարչապետի պաշտոնը: Իսկ նախագահի պաշտոնում ես չեմ կարող աշխատել եւ տանել չեմ կարող այդ պաշտոնը իր բոլոր ձեւերով»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը ի պատասխան «Առավոտ»-֊ում տպագրված «Պորտֆելը դարձավ դղյակի բանալի» հոդվածի, նույն թերթում գրում է. - «Խնդրում եմ չարժեզրկել «դղյակ» բառը, քանզի եթե ինձ պատկանող մեկուկես հարկանի կառույցը դղյակ է, պատրաստ եմ ինձ պատկանող «դղյակը» փոխանակել զրպարտագրերի հեղինակի՝ նույն շենքում գտնվող 3֊ սենյականոց բնակարանի հետ»:

Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը «Հայոց աշխարհ»֊-ում կարծիք է հայտնում. - «Գլոբալացման պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել մեր «ես»-֊ը, մեր ազգային ինքնությունը: Դարեր ապրելով, եկել֊-հասել ենք 21-֊րդ դար եւ ի՞նչ է՝ հիմա պետք է ճխլվե՞նք մարդ֊-ռոբոտների ոտքերի տակ: Սա ի՞նչ բան է: Նախ, թող նույն Եվրոպան, Ամերիկան իրենց տանը կարգ ու կանոն ստեղծեն, հետո նոր գան իրենց կեղտոտ բարքերով մտնեն մեր ընտանիք: Սա ի՞նչ բան է՝ մենք պետք է ընդունե՞նք, հաշտվե՞նք այն մտքի հետ, որ մեզ մոտ էլ, այո, պետք է հոմոսեքսուալիստներ լինեն, աղանդավորներ լինեն… Ինչքան զիբիլ կա, պետք է ներմուծե՞նք: Բայց ինչո՞ւ պետք է ընդունենք, եղբայր»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, պատասխանելով այն մտավախություններին, թե Հայաստանում էլ թռչնագրիպի դեպքեր կան, բայց դրանք կոծկվում են, ասում է. - «Թեկուզ մեկ թռչնի մոտ H5N1 վիրուսի հայտնաբերումը առիթ կդառնա, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսված միլիոնավոր դոլարները հատկացվեն Հայաստանին: Այնպես որ՝ փաստը թաքցնելը որեւէ տեսանկյունից ամենեւին էլ արդարացված չէ»: Գլխավոր վարակաբանը դժվարացել է տեսականորեն բացատրել, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, երբ հարեւան երկրներում դեպքեր են արձանագրվել, բայց հայտնել է, որ շարունակում է իր ողջ ընտանիքով՝ թոռնիկներով, զավակներով, հարս ու փեսայով ամեն կիրակի հավ ու հավկիթ ուտել:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG