Մատչելիության հղումներ

Գույքի եւ եկամուտների հայտարարագրումը օրենսդրական կատարելագործման կարիք ունի


Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ պետական պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ պարտադիր հայտարարագրերի ներկայացման՝ ապրիլի 15-ին ավարտված գործընթացի արդյունքները։

«Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է այն օրենսդրորեն կատարելագործելու եւ պատասխանատվության հստակ մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտությունը», - հաղորդել է նախագահի մամլո գրասենյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը փոխանցեց, որ օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտին հայտարարատուները շուրջ 49 հազար հայտարարագրեր են լրացրել՝ մոտ 2000-ով ավելի, քան նախորդ տարի։

Պոտենցիալ հայտարարատուներից հայտարարագիր չի ներկայացրել մոտ 400 մարդ: Նրանք, օրենքի համաձայն, կենթարկվեն պատասխանատվության՝ մուծելով ընդամենը 50 հազար դրամ տուգանք։

Ալավերդյանի խոսքերով, արդեն որերորդ տարին լրացվող ու ավելի քան մի քանի հարյուր հազար էջի հասնող այդ փաստաթղթերը որեւէ լուրջ հետեւանք չեն ունենում:

«Ինքնին այս ցուցանիշի [հայտարարագրերի քանակը] բարձր կամ ցածր լինելը դեռ չի խոսում արդյունավետ որեւէ մեխանիզմի մասին», - ասաց Արմեն Ալավերդյանը՝ պարզաբանելով. - «Որովհետեւ գործող օրենսդրությունը ենթադրում է միայն հայտարարագրերի ստանալ-մշակելը եւ օգտագործելը թափանցիկության, հասարակության մեջ վստահության մթնոլորտի ստեղծման նպատակով: Ուրիշ քայլերի համար կարիք կլինի գործող օրենքը լուրջ փոփոխությունների ենթարկել»:

Այսինքն, պաշտոնյաները կարող են հանգիստ իրենց ունեցվածքն էլ, գույքն էլ գրանցել հարազատի անունով, ու ոչ մի պատասխանատվություն չկրել դրանց ծագման օրինականությունը հիմնավորելու հարցում։ Ելքը հայտարարագիր լրացնելու պահանջը նաեւ հենց այդ նույն հարազատներին, խնամի, ծանոթ բարեկամներին եւս ներկայացնելու մեջ է։

Այս խնդիրը, կարծես թե, լուծում էր ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նոր նախագծի ընդունումը, ինչը, սակայն, Ազգային Ժողովի կողմից դեռեւս 2004 թվականին առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, այդպես էլ տեղապտույտի մեջ ընկավ, ու մի քանի անգամ ետ վերադարձվեց կառավարություն՝ լրամշակման։

Խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժեր, մասնավորապես, «Օրինաց երկիր»-ը եւ «Ժողպատգամավոր»-ը ունեին կառավարությունից տարբեր իրենց տեսակետները այդ հարցում։

Երկար քննարկումներից հետո, Ալավերդյանի փոխանցմամբ, անցյալ ուրբաթ խորհրդարանական հանձնաժողովներում քննարկվելուց հետո նախագիծը, կարծես թե, պատրաստ է մտնելու ԱԺ լիագումար նիստի օրակարգ. - «Քննարկումների ընթացքում խնդիր է դրվել բարձրացնել այդ շեմը, ազատվել ավելորդ ռիսկերից եւ եկամտահարկի հայտարարագրման ներդրումը իրականացնել աստիճանաբար»:

Ալավերդյանի պարզաբանմամբ, ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին օրենքի նախագծում քաղաքացու տարեկան եկամտի համար իբրեւ նվազագույն շեմ է ընդունվել 6 միլիոն դրամը, այսինքն ամսական մոտ 500 հազար դրամ եւ ավելի եկամուտ ունեցողները միայն պետք է հայտարարագիր ներկայացնեն: Անշարժ եւ շարժական գույքի համար՝ 40 միլիոն եւ ավելի դրամի գույքի դեպքում։

Ինչ վերաբերում է օրենքով այս կարգը ներդնելու ժամկետներին, ապա այսպիսի ժամանակացույց է նախատեսվում կիրառել. - «Որոշված է, որ, եթե օրենքը այս տարի ընդունվի, առաջին հայտարարագրերը կներկայացվեն 2008 թվականից... Սկզբից 6 միլիոն եկամուտ ունեցողները կտան, այնուհետու՝ 5 միլիոն դրամ եկամուտ ունեցողները: Եվ այդպես մինչեւ 1 միլիոն դրամ՝ 2014 թվականից»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG