Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը անդրադառնում է տեղամասային հանձնաժողովներից մեկի նախագահի՝ Սպարտակ Եղիազարյանի բացահայտումներին, որը հայտարարել է, թե 2003 թվականի ընտրությունների առաջին փուլում իրենց տեղամասում Ռոբերտ Քոչարյանը ստացել էր ձայների 12 տոկոսը, որը իրենք, վերեւից եկող հրահանգի համաձայն, դարձրել են 60%, իսկ 2005-ի հանրաքվեին նույն տեղամասում մասնակցել է 60 հոգի, սակայն իրենք նկարել են 1649 «այո»: Արամ Աբրահամյանը շեշտադրում է. - « Մեկ այլ երկրում կամ այլ հանգամանքներում դա կհամարվեր սենսացիա, սակայն տվյալ դեպքում դա սենսացիա չէ, քանի որ այս պահին Հայաստանում ոչ ոք՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից եւ վերջացրած փողոց ավլողներով, չի կասկածում, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է՝ ոչ միայն այս, այլեւ բոլոր մնացած տեղամասերում»: Խմբագիրը հեգնում է. - «Հիմա մեր դատախազությունը, եթե խելացի գտնվի, կզեկուցի Եվրոպայի խորհրդին, որ վերջապես պատժել է ընտրակեղծարարներին, եւ կպատժի Սպարտակ Եղիազարյանին»:

Նույն թերթը տեղեկացնում է. - «Երեկ դատախազություն հարցաքննության է կանչվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Սպարտակ Եղիազարյանը»: Իսկ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի դատախազությունում «նյութեր են նախապատրաստվում 2003 թվականի նախագահական ընտրություններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի թիվ 04/30 ԸԸՀ նախագահ Սպարտակ Եղիազարյանի հայտարարությունների առիթով»:

«Գոյություն ունի պատերազմի վերսկսման հավանականություն», - գրում է «Իրավունք»-ի վերլուծաբանը: - «Նախ՝ ՀՀ-ում մոտենում են նախագահական ընտրությունները, որոնք կարող են հետաձգվել, եթե երկրում հայտարարվի ռազմական դրություն: Ռազմական դրությունը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին անորոշ ժամանակով երկարաձգել իր իշխանությունը»:

«Մինչ հայ հանրությունը զվարճանում էր այն զարգացումների վրա, որ տեղի էին ունենում Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի՝ Թուրքմենբաշու հեղինակած «Ռուխնամե» գրքի շուրջ, Հայաստանում արդեն իսկ ծնվում են այդ գրքի հայկական տարբերակի ճուտիկները», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Օրերս երեւանյան գրախանութներում է հայտնվել 2005 թվականին լույս տեսած «Ռոբերտ Քոչարյանը Հայկական հարցի ճակատագրում. հուսո ճառագայթներ» խոսուն վերնագրով գիրքը»:

Նույն թերթի մեկնաբանը նկատում է. - «Անցած տարվա մայիսից Քոչարյանին հարցեր ուղղելու հնարավորություն է տրվում միայն իր կողմից անվերապահորեն վերահսկվող լրատվամիջոցներին: Բնականաբար, պատասխանները ստացվում են ելույթների պես՝ ասում է ինչ ուզում է... Իսկ եթե պատասխանի բոլոր լրատվամիջոցների հարցերին, ապա կարող են «թարս» հարցեր հնչել»: «Ընդ որում», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը, - «Քոչարյանին անցանկալի հարցերից զերծ պահելու համար կոպտորեն խախտվում են ՀՀ Սահմանադրությունը եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը»:

«168 ժամ»-ը գրում է, որ Ոստիկանի օրվա միջոցառումների ժամանակ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը մոտեցել է իրենց թերթի լրագրողին եւ «սկսել է նրան սպառնաիքներ տեղալ»: Մեջբերված են Վարյանի խոսքերը. - «Ի՞նչ է՝ նկարում ես, որ տանես «Հայկական ժամանակ»-ում կամ «168 ժամ»-ում տպե՞ս: Էդ ինչե՞ր եք գրում իմ մասին ձեր թերթերում: Էդ ո՞ւմ դեմ եք գրում, բա դուք չե՞ք վախենում: Էդ ո՞վ է ինձ մութ անտառ հրավիրում: Դե թող հրավիրի՝ ոտը վրից կպոկեմ»:

«168 ժամ»-ը հիշեցնում է. - «Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանին գեներալի կոչում շնորհեց: Այն ժամանակ էլ չընկալվեց, թե հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների, աշխատանքային ցուցանիշների կամ, ասենք, երկրի անվտանգության ո՞ր մի ծանր հանցագործության հայտնաբերման կամ կանխման համար դա շնորհվեց: Ինչեւէ, Ազգային անվտանգության ծառայությունում այժմ նյութեր են պատրաստվում Պետրոսյանի դեմ, ավելի ճիշտ՝ արխիվից հանում են նրա պաշտոնավարման տարիների մութ գործերը: Ի դեպ, մեր աղբյուրները չեն բացառում նաեւ նրա հնարավոր ձերբակալությունը»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, վերջին օրերին առավել համառորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն, ընդդիմադիրները «փորձում են նոր ձեւաչափ ձեւավորել, որի առանցքը լինելու են հասարակության կողմից ընդունված երկու քաղաքական գործիչներ՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Եթե ժողովուրդը միասնականություն չտեսնի, չի համախմբվի որեւէ ուժի շուրջ», -«Իրավունք»-ի ընթերցողների հարցերի պատասխաններում ասում է Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով. - «Իսկապես ընդդիմության որոշակի թուլացումը եւ փոշիացումը հիմա երեւում է: Իհարկե, ամբիցիաներն իրենց բացասական դերն ունեն, բայց վերոնշյալը չեմ բացատրում միայն ամբիցիաներով: Իսկապես մի նոր իրավիճակ է ստեղծվել, որտեղ շատ դժվար է որոշումներ ընդունել, թե ինչ ճանապարհով գնալ, ինչպես ժողովրդին ոտքի բարձրացնել ու ինչպես հասնել հաղթանակի, որովհետեւ միայն բարոյական հաղթանակները արդեն ժողովրդին զզվեցրել են. վերջ ի վերջո լուրջ հաղթանակ է պետք»:

«Եթե երկրին գիտությունն իրոք անհրաժեշտ է, մինչ Գիտությունների ազգային ակադեմիայում նոր ընտրություն անցկացնելը պետք է գիտական ոլորտը համոզված լինի, որ նույնիսկ ներկայիս ծայրահեղ իրավիճակում ընտրությունները կանցնեն արդար եւ օբյեկտիվ: Միայն այդ դեպքում ԳԱԱ-ն ռեալ հնրավորություն կունենա արժանի նախագահ ունենալ, որը կարող է վերակենդանացնել մեր երկրի գիտությունն եւ ապահովել դրա արժանապատիվ ապագան», - խրատում է «Գոլոս Արմենիի»-ին:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG