Մատչելիության հղումներ

Հայաստանի Մտավորականների ֆորումի ավագանին կոչ է անում «վերադարձնել հանցագործ վարչախմբի կողմից զավթած իշխանությունը»


Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին երեքշաբթի օրը տարածել է կոչ, որում «խայտառակ» ու «հայոց պետականությունը թիկունքից հասցված ծանրագույն հարված» է որակում «Գույք՝ գազի դիմաց» գործարքը:

«Հանցավոր վարչախումբը, առաջնորդվելով «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» մանկամիտ սկզբունքով, գազի գինը շատ չթանկացնելու անվան տակ իրականացրեց սեփական իշխանությունը պահպանելուն եւ վերարտադրելուն ուղղված «Գույք՝ գազի դիմաց» խայտառակ գործարքը, որը մեզ համար ձեռնտու չէ ո’չ սոցիալական, ո’չ տնտեսական եւ ո’չ էլ քաղաքական առումներով», - ասված է տարածված փաստաթղթում, որը ստորագրել են ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը, երաժշտագետ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Խորեն Պալյանը, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը, Աննա Բոյաջյանը:

«Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի օտարումով մեր երկիրը կորցրեց ոչ միայն ազգային անվտանգության ու պետականության կայացման կարեւորագույն հիմքերից վերջինը՝ էներգետիկ անվտանգությունը, այլեւ սեպ խրեց հայ-իրանական բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններում», - նշում են նրանք:

Հիշեցնելով, թե «հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին Հայաստանից օտարվել են ատոմակայանը, էլեկտրական բաշխիչ ցանցերը, Սեւան-Հրազդան կասկադը, Հրազգանի ՋԷԿ-ը, «Զվարթնոց» օդանավակայանը, ընդերքը, «Արմենալ»-ը, Երեւանի Կենտրոնի մի մասը, կապի ու տրանսպորտի միջոցները, ջուրը, կոնյակը»` նրանք փաստում են. - «Այս ամենի հետեւանքով մեր երկրում, փաստորեն, հաստատվել է օտարների իշխանություն եւ Հայաստանը հայտնվել է պետականության անվերադարձ կորստի եզրագծին»:

«Հայաստանի Մտավորականների Ֆորումը միանում է այս հանցավոր վարչախմբի դեմ ընդվզող բոլոր կազմակերպություններին ու անձանց եւ կոչ է անում երկրի ողջ բնակչությանը՝ վճռական գործողություններով եւ բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին վերադարձնել հանցագործ վարչախմբի կողմից զավթած իշխանությունը», - հայտարարում է Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG