Մատչելիության հղումներ

Մարնեուլիում հուշարձաններ են պղծվել


Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, թե Վրաստանի Մարնեուլի քաղաքում պղծվել են Շոթա Ռուսթավելու եւ Նիզամի Գյանջեվիի հուշարձանները:

Ըստ ադրբեջանական «Թրենդ» եւ ԱՊԱ գործակալությունների, միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին՝ գիշերային ժամերին. վրաց ու ադրբեջանցի դասականների հուշարձանների վրա հայտնաբերվել էին վիրավորական գրառումներ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, թե հուշարձանները պղծվել են տեղի հայերի կողմից:

«Երկու-երեք օր առաջ Մարնեուլիի կենտրոնում երեք վրացի երիտասարդներ ցեխով ադրբեջանցիների հասցեին հայհոյանքներ են գրել Նիզամիի արձանի վրա՝ վրացերենով: Գիշերը ոստիկանությունը ձերբակալել է երեք երիտասարդների, որոնք նորից փորձել են նույն հայհոյանքները գրել արձանի վրա: Երիտասարդներից մեկին ոստիկանները ազատ են արձակել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ջավախքի «Վիրք» կուսակցությունը ներկայացնող Դավիթ Ռստակյանը:

Ոստիկանության եւ շրջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, ըստ Ռստակյանի, ոստիկանությունը ադրբեջանցիներին մեղադրել է «անուշադրության» մեջ: Դրանից հետո Մարնեուլիում տեղի է ունեցել հանրահավաք, որի կազմակերպիչները հայտարարել են, թե «ինչ-որ մութ ուժեր կան տարածաշրջանում, որոնք փորձում են սեպ խրել վրացիների եւ ադրբեջանցիների միջեւ»:

Մարնեուլիի շրջանային վարչակազմի ղեկավար Ամիրան Սուբիտիձեն հայտարարել է, թե «կատարվածը չունի ազգայնական ենթատեքստ, քանի որ ձերբակալվածները պղծել էին ոչ միայն ադրբեջանցի պոետի, այլեւ իրենց հայրենակցի՝ Շոթա Ռուսթավելու կիսանդրին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG