Մատչելիության հղումներ

Խոր Վիրապի ամրոցը նոր տեսք կստանա


«Եղել են կոսմետիկ վերանորոգումներ, բայց կարգին գործ չի արված: Մենք հիմնովին թարմացնում ենք, նոր նյութերով հղկում», - ասաց շինարարական աշխատանքների ղեկավար Շավարշ Մակյանը:

17-րդ դարում կառուցված ամրոցը եղել է հայոց հանրահայտ ուխտատեղիներից: Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրների վրա` միջնաբերդը: Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը: Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալներին: Ըստ Ագաթանգեղոսի եւ այլ պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները:

Ամրոցի հարավ-արեւելյան մասի վերականգնումը սկսվել է 2003 թվականին՝ արգենտինահայ բարերար Դերձակյանի հատկացրած միջոցներով: Վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների համար նախատեսված է 230 հազար ամերիկյան դոլար: Հիմնական աշխատանքները կատարված են: Մայիսի 30-ին տարածքը պետք է հանձնեն:

Նախագծի հեղինակը ճարտարապետ Աշոտ Մանասյանն է: Շինարարական աշխատանքները իրականացնում է «Մակշինտրեստ» ՍՊԸ-ն:

Թե երբ կվերականգնվի ամբողջ համալիրը՝ առայժմ անհայտ է: Պարսպից ներս, կենտրոնում սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 17-րդ դարի վերջին: Եկեղեցին էլ վերանորոգման կարիք ունի: Այն արտաքուստ գոտեվորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ: Հենց սալերն էլ նորացման կարիք ունեն:

Բարերարը խոստացել է մյուս մասի վերանորոգման համար էլ գումար տրամադրել: Արդեն նույնիսկ նախագիծն է պատրաստ:

Շավարշ Մակյանի խոսքով, բանվորների խիստ կարիք է զգացվում: Կառավարությունը գումար չի հատկացրել, բայց վերանորոգման աշխատանքներին անձամբ հետեւում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG