Մատչելիության հղումներ

Թուրքիայում կկառուցվի առաջին ատոմակայանը


Մինչեւ 2015 թվականը Թուրքիան կունենա իր առաջին ատոմակայանը՝ 5 հազար մեգավատտ հզորությամբ: Կառավարությունը որոշել է Սեւ ծովի առափնյա Սինոփի շրջանում գործարկել երկրի առաջին միջուկային ռեակտորները: 6-8 տարվա ընթացքում կառուցվելիք այս ատոմակայանը, պետք է ծածկի Թուրքիայի էներգետիկ կարիքների մոտ 5 տոկոսը:

Այս հարցը դեռ 1983 թվականին օրակարգ էր բերել Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը, սակայն կառուցման շուրջ շահարկումները, ապա՝ Չեռնոբիլի աղետը մի քանի տասնյակ տարով հետաձգեցին ծրագրի իրագործումը: Էներգետիկ ռեսուրսներով առանձնապես աչքի չընկնող Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառումը տարեցտարի աճում է. պաշտոնական տվյալներով, 2020 թվականին Թուրքիային անհրաժեշտ կլինի երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան այսօր:

«Ատոմակայանի կառուցումը շատ կարեւոր քայլ է: Այսօր պետության հրատապ խնդիրներից մեկը էներգակիրների հարցում անկախության ապահովումն ու այլ երկրներից ստացվող էներգակիրների դիվերսիֆիկացումն է: Սակայն այս հարցում կարեւոր է նախ լուծել ֆինանսական միջոցների խնդիրը՝ ատոմակայանը ամենածախսատարն է էներգետիկ կառույցների թվում», - «Զաման» օրաթերթին ասել է Ստամբուլի միջուկային էներգիայի ինստիտուտի պրոֆեսոր Ահմեդ Բայուլկեն:

Օրերս Թուրքիայի էներգետիկայի նախարարը եւ միջուկային էներգիայի գործակալության տնօրենը հանդիպել են 14 խոշորագույն ընկերությունների ներկայացուցչների հետ եւ նրանց էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկ արել:

«Չեմ հասկանում, ինչո՞ւ են որոշ մարդիկ այս ծրագրին դեմ արտահայտվում: Նմանատիպ ատոմակայան ունեն Հայաստանը, Ֆրանսիան, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներ: Եթե որոշ ուժեր մտահոգություններ ունեն, թող դիմեն նաեւ այդ երկրներին», - գործարարների հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի միջուկային էներգիայի գործակալության ղեկավարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG