Մատչելիության հղումներ

logo-print

Կիեւցիները դեմ են հայկական եկեղեցու կառուցմանը


1992 թվականին Կիեւի իշխանությունները որոշել էին տարածք հատկացնել Ուկրաինայի հայությանը՝ թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինարարության համար: Երկու տարի առաջ որոշվեց 1022 քառակուսի մետր տրամադրել 50-հազարանոց հայ համայնքին քաղաքի ամենահայտնի պատմական շրջաններից մեկում՝ Պոդոլում, քաղաքապետարանի կողմից տարիներ շարունակ անուշադրության մատնված այգում:

Համայնքը հավաքեց անհրաժեշտ գումարը, պատվիրեց նախագիծ եւ վերջապես սկսեց շինարարությունը, սակայն ապրիլի 12-ի երեկոյան Պոդոլի բնակիչները քանդեցին շինհրապարակը շրջապատող ցանկապատը՝ հայտարարելով, որ «թույլ չեն տա իրենց կանաչ հանգստյան գոտում ինչ-որ բան կառուցել»:

Ըստ Կիեւի ինտերնետային թերթերից մեկի, բնակիչներն այս կապակցությամբ վստահեցնում են, թե «այգին չի կարելի քանդել, եւ որ իրենց համար նշանակություն չունի՝ հայեր են, մահմեդականներ, թե ուկրաինացիներ»:

«Անգամ հրեաները, ովքեր վաղուց են բնակվում Պոդոլում, չկառուցեցին այստեղ սինագոգ, թեեւ այդպիսի գաղափար կար», - թերթին ասել է բնակիչներից մեկը:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը իր վրդովմունք է հայտնել կատարվածի առնչությամբ՝ ասելով, որ պատրաստ է պաշտպանել հայության շահերը դատական բոլոր ատյաններում, քանի որ համայնքը ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, շինարարությունը նախապատրաստելու եւ սկսելու համար արդեն իսկ մեծ գումար է ծախսվել:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG