Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը կուսակցությունից հեռացրեց իր պատգամավորին


«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը երեկ ուշ երեկոյան միաձայն որոշել է կուսակցությունից հեռացնել խորհրդարանական խմբակցության անդամ, SAS ընկերության ղեկավար, 32-ամյա Արտակ Սարգսյանին:

Հարցի քննարկմանը Սարգսյանը ներկա չի եղել: Քաղխորհրդի անդամների բացատրությամբ՝ նրան չի հաջողվել գտնել:

Կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ «Օրինաց երկիր»-ը «շատ բան է արել Արտակ Սարգսյանի ընտրության համար»: Նա նաեւ հերքեց, թե Սարգսյանը ֆինանսական միջոցներ էր տրամադրում կուսակցությանը: Հերքեց նաեւ, թե «Օրինաց երկիր»-ում կան ինչ-ինչ խմորումներ:

Սարգսյանը պատգամավոր է ընտրվել 2004-ի սեպտեմբերին, Եղվարդի թիվ 44 ընտրատարածքից, երբ, քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո, թափուր էր մնացել «Օրինաց երկիր»-ի մեկ այլ անդամի՝ Արամ Հարությունյանի տեղը: Այդ ընտրարշավը մամուլը որակել է «գլադիատորական մարտ»՝ պնդելով, թե դա առճակատում էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ: Քանի որ Սարգսյանի հիմնական մրցակիցը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հովանավորյալ Արայիկ Հայրապետյանն էր:

«Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցությունից Արտակ Սարգսյանը կարող է դուրս գալ միայն իր դիմումի համաձայն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG