Մատչելիության հղումներ

Բերնար Ֆասիե. «Ռամբույեում չհաջողվեց լցնել բաժակը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն այսօր Երեւանում հայտարարեց, որ «եթե նախքան Ռամբույեն կար կիսով չափ լցված բաժակ, ապա Ռամբույեում չհաջողվեց գոնե մի փոքր ավելացնել բաժակի պարունակությունը»:

«Մենք ուզում էինք, որ բաժակը կեսից մի փոքր ավելի լցվի, բայց դա չհաջողվեց: Այնուամենայնիվ, բաժակը չդատարկվեց, եւ ուրեմն բանակցային գործընթացը մահացած չէ», ֊- ասաց ֆրանսիացի դիվանագետը:

Նա հայտնեց, որ վաղը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ոչ միայն Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին, այլեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինին, որը զբաղվում է ղարաբաղյան հարցով:

«Չի բացառվում, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կրկին ժամանեմ տարածաշրջան: Չի բացառվում նաեւ, որ Զատիկի տանից հետո տարածաշրջան ժամանի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը», - նշեց Ֆասիեն:

Նա հայտնեց նաեւ, որ մայիսի սկզբին Մոսկվայում կկայանա համանախագահների խորհրդակցական հանդիպումը, ինչից հետո նրանք կայցելեն տարածաշրջան:

«Ապրիլի եւ մայիսի մեր նախապատրաստական աշխատանքի նպատակն է՝ հնարավորություն ստեղծել երկու երկրների նախագահների նոր հանդիպման համար: Այն կարող է կայանալ հունիսին, իսկ եթե ոչ` հուլիսին», -֊ ասաց Ֆասիեն` ավելացնելով, որ հանդիպման ժամկետը եւ վայրը դեռ որոշակիացված չեն, սակայն՝ «կօգտագործվեն միջազգային միջոցառումների բոլոր առիթները»:

«Եթե նախագահները ցանկանում են շարունակել լցնել բաժակը, հանդիպումը կկայանա», -֊ եզրակացրեց ֆրանսիացի դիվանագետը:

Այսօր Երեւանում Բերնար Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG