Մատչելիության հղումներ

Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտում Սաֆարովին


«Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մեղքն անհերքելի է: Նա գիտակցել է, թե ինչ է անում եւ արժանի է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության, 30 տարի՝ առանց ներման իրավունքի». այսպիսին է Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռը:

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը պաշտպանող Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Սաֆարովին վերապահվել է վերաքննիչ դատարանում դատավճիռը բողոքարկելու իրավունք: Այդուհանդերձ, հայ փաստաբանի կարծիքով, դատավոր Վաշկուտին այնչափ մանրակրկիտ է վարել դատավարությունը եւ այնչափ հիմնավորված վճիռ է կայացրել, որ վերաքննիչ դատարանը դժվար թե փոխի պատիժը:

Նազելի Վարդանյանը չի կարծում, որ առաջիկա տարիների ընթացքում Սաֆարովին թույլ կտան կրել իր պատիժը Ադրբեջանում:

«Մեղադրյալի էքստրադիցիայի պայմանները կանոնակարգվում են միջազգային օրենսդրությամբ», - պարզաբանեց Վարդանյանը:

Ադրբեջանը կարող է համապատասխան խնդրանքով դիմել Հունգարիայի իշխանություններին: Սակայն դժվար է ասել, թե ինչ կորոշի Հունգարիայի դատարանը: Առավել եւս, որ Սաֆարովի դեմ հարուքված է եւս մեկ քրեական գործ, եւ այն արդեն իսկ դատարանի վարույթում է: Այնպես որ, առաջիկա տարիներին Սաֆարովին չի հաջողվի վերադառնալ Ադրբեջան եւ նա իր պատիժը կկրի Հունգարիայում:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG