Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց պետական գույքի մասնավորեցման 2001֊-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը


Երկօրյա բուռն վեճերից հետո այսօր խորհրդարանը 65 կողմ, 9 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով հաստատեց պետական գույքի մասնավորեցման 2001-֊2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը:

Չնայած հաշվետվությունը չհաստատելը իրավական որեւէ լուրջ հետեւանք չի կարող ունենալ, բայց Հանրապետական կուսակցությունը լրջորեն ջանացել էր, որ հաշվետվության հաստատմանը դեմ հանդես եկող իր կոաիլիցիոն գործընկեր «Օրինաց երկիր»-ին չհաջողվի տապալել այն: Քվեարկության էին եկել բազում այնպիսի պատգամավորներ, որոնք սովորաբար քիչ են երեւում Ազգային Ժողովում: Այդպիսիք եկան, քվեարկեցին, գնացին:

Հանրապետականի կողքին այս հարցում մեկ մարդու պես կանգնեցին կոալիցիոն գործընկեր դաշնակցականները: «Օրինաց երկիր»-ը հիմնականում դեմ քվեարկեց: Խմբակցությունում կան նաեւ ձեռնպահ քվեարկածներ, իսկ «Օրինաց երկիր»-ի անդամ Արտակ Սարգսյանը, որը SAS ցանցի բազում օբյեկտներ ունի, կողմ է քվեարկել: Խորհրդարանի ամենատարբեր ուժերի մեջ խոշոր գործարար համարվողներից շատերն են կողմ քվեարկել՝ չնայած իրենց խմբակցությունն այդպես չի քվեարկել:

Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունը. միայն «Ազգային միաբանության» պատգամավոր Հարություն Մուրադյանն է կողմ քվեարկել:

ՄԱԿ խմբակցության ղեկավար անդամները դեմ են քվեարկել: ՄԱԿ֊-ից Լեւոն Պողոսյանը, որն օրերս հայտարարեց պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, ընդդիմադիրների պես բոյկոտել է քվեարկությունը:

Պետական գույքի մասնավորեցման 2005֊-2007 թվականների ծրագիրը, որը, ըստ կառավարության, վերջինն է լինելու, առանց կրքերի հաստատվեց խորհրդարանում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG