Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կոալիցիոն կուսակցությունների մոտ այս օրերին հերթական գարնանային սրացումներն են սկսվել եւ, արդեն երկու օր է, նրանք Ազգային ժողովում, մեղմ ասած, իրար կոկորդ են կրծում», - ախտորոշում է «168 ժամ»-ը՝ հստակեցնելով. - «Խոսքը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի» շուրջ ՀՀԿ – ՕԵԿ փոխհրաձգության մասին է»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Առավոտ»-ի հարցին ի պատասխան ասել է, թե «չի ընդունում այն փաստարկների հիմնավորվածությունը, որոնք ներկայացրել էր «Օրինաց երկիր»-ը՝ քննադատելով կառավարության վարած մասնավորեցման քաղաքականությունը». - «Կառավարության նիստերով են բոլոր մասնավորեցումները անցել, նիստերին ներկա են եղել նաեւ այդ կուսակցության անդամները, եւ եթե հարցեր ունեին՝ կարող էին տալ եւ կտրվեին պարզաբանումներ»:

«Երեւանի Խորենացի 26ա հասցեի շենքը, ավելի քան վեց ամիս առաջ կառավարության կայացրած որոշմամբ, ուղղակի վաճառքի ձեւով սեփականաշնորհվել է: Որոշումը, սակայն, եղել է անհատական եւ չի հրապարակվել պաշտոնական տեղեկագրում», - բացահայտում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կառավարության տվյալ որոշումը «գաղտնի» պահելը թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ գնորդը Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանն է»: Նշելով, որ քաղաքի կենտրոնում շենքի տարածքի մեկ քառակուսի մետրի մասնավորեցումը կատարվել է 60 դոլարով՝ «Հայկական ժամանակ»-ը հաշվարկում է. - «Եթե մասնավորեցված տարածքի շուկայական արժեքը հաշվարկենք մեկ քառակուսի մետրը նվազագույնը 850 դոլարով, ապա տարածքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 միլիոն դոլար: Այսինքն, կարող ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի խնամին լինելը տվյալ դեպքում գնորդին բերել է մոտ 2 միլիոն 800 հազար դոլարի եկամուտ: Կարծում ենք՝ բարեկամության վատ «սակագին» չէ»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը երեկ հարց է ուղղել պաշտպանության նախարարին՝ «Հանրապետությունը շնչահեղձ է լինում գազի հոտերից: Ձեր մատը խա՞ռն է այս գործում, թե՞ ոչ»: Սերժ Սարգսյանն ի պատասխան հպարտացել է. - «Չի կարող Հայաստանում մի լավ գործ լինել, որտեղ իմ մատը խառը չլինի»:

«Եթե մի պահ մոռանանք «Գույք՝ գազի դիմաց» գործարքի քաղաքական եւ էներգետիկ անվտանգությանը վերաբերող ենթատեքստը, ելնենք այն իրողությունից, թե իբր Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ կիսակառույց բլոկի համար Հայաստանը համարժեք գին է պահանջել Ռուսաստանից, եւ գործարքին նայենք միայն որպես գազի գինը մինչեւ 2009 թվականը ցածր պահելու խնդրի լուծում, էլի պիտի կասկածենք, որ այս գործարքը Հայաստանի համար դրական նշանակություն ունի», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:- «Եթե խնդրին մոտենանք պետության զարգացման տեսանկյունից, շատ բնական մի հարց կառաջանա. իսկ ի՞նչ է լինելու 2009 թվականից հետո... Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, որովհետեւ այս հարցը նրանց մեծ հաշվով չի էլ հետաքրքրում: Ռոբերտ Քոչարյանը առաջնորդվում է «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», Սերժ Սարգսյանը եւ մյուսները՝ «մեր ընտրվելուց հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Ու եթե նրանք զգան, որ այդ ջրհեղեղը նաեւ իրենց է քշել-տանելու, գուցե իսկապես համաձայնեն Հայաստանից որեւէ մարզ զիջել Ռուսաստանին: «Ի՞նչ կա որ, մի քնձռոտ մարզ էր, իսկի բնակչություն էլ չուներ, ընդամենը մի քանի ծերուկ ու պառավ էին մնացել` 250 միլիոն դոլարը վա՞տ գին է», - տեղի ունեցածը կարդարացնի Սերժ Սարգսյանը: Եթե ձեզ հետաքրքրում է, թե ո՞ր մարզի մասին է նա այսպես խոսելու, մի տանջեք ձեզ, որովհետեւ Քոչարյանի ու նրա սվիտայի կառավարման շարունակելիության դեպքում մինչեւ 2009 թվականը ՀՀ բոլոր մարզերն էլ կհայտնվեն այդ վիճակում»:

«Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հավաստիացումը, որ Իրան – Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելու հարցը չի քննարկվել. - «Անկախ նրանից՝ Իրանի հետ կառուցվող գազամուղն ապագայում կմտցվի «Հայռուսգազարդ»-ի մեջ թե ոչ, Իրանից գնած գազը կբերվի եւ կհասցվի ցանկացած գնորդի»:

«Առավոտ»-ը՝ արձագանքելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությանը, թե 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «պետք է լինեն ազատ եւ արդար», «բոլոր ընտրողները պետք է հնարավորություն ունենան քվեարկելու՝ առանց որեւէ ճնշման ենթարկվելու»՝ հավելում է. - «Պարոն Դեւիսը, հավանաբար, չգիտի, որ Հայաստանում ընտրողները հնարավորություն ունեն քվեարկելու, սակայն դրանից հետո ընտրական հանձնաժողովները հրապարակում են թվեր, որոնք այդ քվեարկության հետ որեւէ կապ չունեն»:

«Գոլոս Արմենիի»-ի բավականին լայն հրապարակման մեխը Հայաստանի հեռուսատաընկերությունների հաղորդումների միօրինակությունն է. - «Հատկապես աչքի ընկնող միօրինակության շնորհիվ հանկարծ ցավի պես ակնհայտ դարձավ, որ ընտրություն կատարելու իրավունքը փլուզվել է՝ առանց կողմնակի միջամտության... Բավական է վերադասավորել կոճակներն ու դեմքերը, եւ ակնհայտ կդառնա, որ բոլոր այդ «քաղաքացիական դիրքորոշումները» միմյանցից ոչնչով չեն տարբերվում»: «Ավելին», - խտացնում է թերթը, - «Դրանց մեջ չկան նույնիսկ ինչ-որ չափով տանելի ստեղծագործական տարբերություններ: Այն, ինչ ներկայացվում է որպես խելոք քաղաքակագիտական կամ խիզախ բացահայտում, պարզվում է՝ այս կամ այն քաղաքական ուժի քարոզչությունն է: Այն, ինչ համարվում է ոճ, պարզվում է՝ դեկորացիա է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG