Մատչելիության հղումներ

Բուդապետշում պետք է հրապարակվի Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատավճիռը


Այսօր Բուդապեշտում հրապարակվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թվականին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի դատավճիռը:

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանի փոխանցմամբ, այսօր տեղի կունենա երկու տարի տեւած դատավարության եզրափակիչ նիստը:

Հունգարացի դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել Ռամիլ Սաֆարովի համար: Նազելի Վարդանյանի խոսքերով, Սաֆարովը բավական բարդ վիճակում է հայտնվել:

«Սաֆարովի փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալին անմեղսունակ ճանաչել, հաշվի առնելով, թե նա, իբր, հոգեկան հիվանդ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդանյանը՝ շարունակելով. - «Եթե Սաֆարովը փորձի հոգեկան հիվանդ ձեւանալ, դա, անշուշտ, պատիվ չի բերի ադրբեջանական բանակին, իսկ եթե փորձի պնդել, թե ճիշտ է արել, որ կացնահարել է քնած հային, վերջնականապես կզրկվի դատարանի ներողամտությունը հայցելու հույսից»:

Նախօրեին Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն գրել է, թե «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նաղին համոզված է, որ Բուդապեշտի դատարանն արդար վճիռ չի կայացնի:

«Բուդապեշտի քաղաքային դատարանը կաշառված է հայերի կողմից, հայերն ուզում են խստորեն պատժել Սաֆարովին», - ասել է Նաղին եւ հայտարարել. - «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել դատական նիստը հետաձգելու եւ դատարանին բացարկ հայտնելու համար»:

Իր վերջին խոսքում Սաֆարովը, Նազելի Վարդանյանի փոխանցմամբ, խնդրել է դատարանին անտեսել նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքները եւ վճիռ կայացնելիս հիմք ընդունել իր անմեղսունակությունն ապացուցող 2-րդ եւ 3-րդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Հայկական կողմի փաստաբանները խնդրել են դատարանին հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Սաֆարովին ադրբեջանում հռչակել են «Տարվա մարդ»: Սաֆարովը այս կապակցությամբ իր զարմանքն է հայտնել՝ պնդելով, թե կանխամտածված չի գործել»:


Արմեն Քոլոյան եւ Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG