Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Մոսկվայում՝ «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում, կայացել է ռուսաստանյան այդ ընկերության եւ «Հայռուսգազարդ»-ի ղեկավարների՝ Ալեքսեյ Միլլերի եւ Կարեն Կարապետյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման ընթացքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Գազպրոմ»-ի մամլո ծառայությունից, հատուկ ուշադրություն է հատկացվել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկին առնչվող հարցերին:

Իրան - Հայաստան գազատարի մասին «Գազպրոմ»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ որեւէ համաձայնագրի կնքման մասին հարցին Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց. - «Իմ կարծիքով, նման պայմանագիր չի եղել»:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հիշեցնենք, երկուշաբթի օրը ասել էր, որ Իրան - Հայաստան կառուցվող գազատարի վերաբերյալ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել:

Նախորդ շաբաթավերջին, սակայն, «Գազպրոմ»-ը հաղորդագրություն էր տարածել, թե գնել է Իրան - Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը: Սակայն քիչ անց այդ հաղորդագրությունը հանվել էր «Գազպրոմ»-ի ինտերնետային էջից:

«Գազպրոմ»-ի մամլո ծառայությունը ո'չ հերքում, ո'չ էլ հաստատում Իրան - Հայաստան գազամուղի վաճառքի մասին տեղեկատվությունը:

«Գազպրոմ»-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Հայռուսգազարդ»-ում ռուսաստանյան այդ ընկերության բաժնետոմսերի քանակը պետք է կազմի որակյալ մեծամասնություն: Այս կապակցությամբ Կարեն Կարապետյանը ասաց. - «Այս պահին «Գազպրոմ»-ին պատկանում է բաժնետոմսերի 45 տոկոսը... Եթե Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը մտնի «Հայռուսգազարդ»-ի կազմի մեջ, եւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի համար «ազպրոմ»-ը վճարի՝ կարող է [կազմել որակյալ մեծամասնություն]»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG