Մատչելիության հղումներ

Ջիմ Քոլբի. «Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհով ընթացող երկրներից մեկն է»


ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոլբիի գլխավորած պատվիրակության անդամները չորեքշաբթի օրը Երեւանում հայտարարեցին, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարացման ուղղությամբ եւ արժանի է Միացյալ Նահանգների հավելյալ ֆինանսական աջակցությանը:

«Մենք կարծում ենք, որ այս ծրագիրը [«Հազարամյակի մարտահրավերներ», որով Հայաստանին առաջիկա հինգ տարիներին տրամադրվելու է 235 մլն դոլար] մի նոր, դինամիկ ճանապարհ է, որի միջոցով մենք օգնություն ենք ցույց տալիս այն երկրներին, որոնք հավատարմություն են դրսեւորում արդարացի կառավարման եւ բաց հասարակություն կերտելու սկզբունքներին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Քոլբին: - «Մեր կարծիքով, տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի նաեւ ժողովրդավարական զարգացումներով եւ Հայաստանը, մեր տեսանկյունից, այդ ճանապարհով ընթացող երկրներից մեկն է, ու այդ պատճառով էլ ընդգրկվել է ծրագրում»:

Քոլբին նաեւ արդյունավետ որակեց նախագահ Քոչարյանի, հայաստանյան այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների հետ ունեցած հանդիպումները:

Նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ կոնգրեսական Սքոթ Գարեթը, «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը այսօր ավելի վաղ ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իր երախտագիտությունը հայտնելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում մեր երկրին հատկացվող ֆինանսական օժանդակության համար, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության եւ ազատականության ամրապնդմանը, որոնց պահպանմանն ու առաջընթացին է ուղղված ծրագիրը:

«Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամից շարունակական աջակցություն ստանալու համար առաջնային են համարվել արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու եւ տնտեսական ազատությունը խրախուսելու ասպարեզներում լավ ցուցանիշների ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները», - փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը: - «Զրուցակիցները 2007թ. եւ 2008թ. կայանալիք ընտրությունների անցկացման մակարդակը բարձրացնելու նպատակով կարեւորել են ընտրական օրենսգրքի կատարելագործումը եւ դրա շուրջ հնարավորինս լայն քննարկումների ծավալումը»:

Հարցին, թե Հայաստանում առաջիկա երկու տարիներին համապետական ընտրությունների անցկացումը կարո՞ղ է խանգարել ծրագրի իրականացմանը, կոնգրեսական Գարետը պատասխանեց. - «Մենք չէինք սկսի այս ծրագիրը, եթե վստահություն չունենայինք, որ Հայաստանի իշխանությունները արդար ընտրությունների կողմնակից են»:

«Այդ ընտրությունները եւ դրանց անցկացումը կարող են ծրագրի կասեցման գործոն հանդիսանալ», - այդուհանդերձ, ավելացրեց կոնգրեսականը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG