Մատչելիության հղումներ

Գերմանական թերթը՝ հայ-ռուսական գազային նոր պայմանագրի մասին


Գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթը երեքշաբթի անդրադարձել է Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, թե «Գազպրոմ»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ անցած շաբաթավերջին կնքված պայմանագրով, փաստորեն, «ի դերեւ եղան Երեւանի հույսերը Իրանի օգնությամբ գոնե ինչ-որ չափով ազատվել էներգետիկ կախվածությունից»:

Ըստ թերթի, Հայաստանում աճում է Ռուսաստանի հասցեին հնչող հանրային քննադատությունը՝ պայմանավորված, առաջին հերթին, «Հայաստանը տնտեսապես եւ քաղաքականապես վերահսկելու՝ պաշտոնական Մոսկվայի ձգտմամբ»:

«Ընդդիմությունը, նաեւ իշխող շրջանակները Երեւանում դժգոհ են, որ Ռուսաստանին «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով փոխանցված առանցքային ձեռնարկությունները մինչ օրս պարապուրդի մեջ են: Ճիշտ է, բնակչությունն առայժմ հիմնականում բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սակայն գազային կոնֆլիկտի պատճառով մտնոլորտը այնքան է շիկացել, որ հայ կոմունիստները սկսել են բողոքել «հակառուսական հիստերիայից», - գրում է «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե»-ն: - «Այդուհանդերձ, նոր պայմանագիրը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նախագահ Քոչարյանի կառավարությանը, որին պաշտպանում է Կրեմլը: Երբ Հայաստանում կայանան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, գազի գինը կայուն կլինի, եւ հայերը մտավախություն չեն ունենա, որ կարող են կրկին հայտնվել ցուրտ բնակարաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG