Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Բաքվում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի առարկում Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայության դեմ:

Նրա խոսքերով, դաշինքի դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ-ի սկզբունքների եւ դիրքորոշումների հետ. ռազմակայաններ կարող են տեղակայվել, եթե համաձայն է ընդունող կողմը:

«Վրաստանի կառավարությունը դեմ էր, եւ Ռուսաստանը դուրս է բերում իր ռազմակայանները, ինչը մենք ողջունում ենք: Իսկ Հայաստանի կառավարությունը դեմ չէ», - հայտարարել է Ռոբերտ Սիմոնսը:

Նա միաժամանակ նշել է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն իր առջեւ Ռուսաստանի հետ մրցելու խնդիր չի դրել, եւ համագործակցությունը յուրաքանչյուր երկրի հետ իրականացնում է հատուկ երկկողմ պայմանագրերի հիման վրա:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, այն ամբողջությամբ կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից: Եթե այդպիսի որոշում կայացվի եւ կողմերը դիմեն ՆԱՏՕ-ին, դաշինքը կարող է քննարկել այդ խնդիրը», - ասել է Ռոբերտ Սիմոնսը:

Նա փաստել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված չէ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման գործընթացում, թեեւ խիստ մտահոգված է այդ խնդիրներով:

«Կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ հովանու ներքո: Մենք հույս ունենք, որ կողմերը համաձայնության կգան, ինչն էլ, իր հերթին, կնպաստի տարածաշրջանի պետությունների եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության զարգացմանն ու արդյունավետությանը», - նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG