Մատչելիության հղումներ

Համակարգիչն ու տեսողությունը


Փորձում ենք պաշտպանվել ճառագայթներից եւ դիմում հանրահայտ «կակտուսային» մեթոդին` հաճախ չիմանալով, որ կակտուսը պետք է դնել ոչ թե համակարգչի դիմաց, այլ հետեւի մասում, քանի որ ճառագայթները գալիս են հենց հետեւի մասից: Բացի այդ, կակտուսը շատ քիչ է օգնում:

Անահիտը սովորում է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում: Նա աշխատում է որպես ծրագրավորող: Համակարգչի առջեւ անցկացնում է օրական 8-14 ժամ, եւ օրվա վերջում գերհոգնածությունն ակնհայտ է:

«Դե, իմ մոնիտորը լավն է, բայց ամեն դեպքում հոգնում ես: Երկար նստելուց հետո զգում ես, որ տառերը գնում-գալիս են, աչքերս սկսում են ուռել, մռմռալ»:

Վաղարշակ Գասպարյանը աշխատում է համակարգիչներ վաճառող խանութներից մեկում: Գործի բերումով նա նույնպես երկար ժամանակ է անցկացնում համակարգչի առջեւ. - «Սկզբնական շրջանում ազդեցությունը այդքան չի զգացվում: 9-10 տարի հետո զգում ես, որ իրերը ուշ ես «ֆոկուսի» բերում»:

Ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանի խոսքերով, այս երեւույթը կոչվում է ակոմոդացիոն սպազմ` լարվածություն. - «Ակոմոդացիոն սպազմը աստիճանաբար դրսեւորվում է գլխացավով, տեսողության վատացմամբ, գլխապտույտով, իսկ չարաշահման դեպքում դիտվում է նաեւ կարճատեսության ավելացում: Համակարգչի առջեւ երկար նստելուց առաջանում է նաեւ «աչքերի սառեցում» կոչվող հիվանդությունը»:

Այս տարի ուսանողական պոլիկլինիկա դիմողների 90 %-ն ունի տեսողության հետ կապված խնդիրներ: Ակնաբուժական բաժնի աշխատակիցներից մեկի խոսքերով, իրենք նկատում են կարճատեսության աճ: Պատճառը հիմնականում համակարգիչներն են: «Դե, շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դեմ: Արդյունքում մեր բաժին դիմողների 100-ից 70-ը ունենում են կարճատեսության հետ խնդիրներ, հաճախ լինում է նաեւ համակարգչային սպազմ»:

Լարվածությունից բացի, աչքերի վրա ազդում է նաեւ ճառագայթումը: Խանութներում վաճառվում են տարբեր ձեւի ու որակի մոնիտորներ: Բարձր որակը ենթադրում է նաեւ բարձր գին: Ամենաթանկը հեղուկ-բյուրեղային մոնիտորներն են, որոնք ընդհանրապես չեն ճառագայթում: Կան պաշտպանիչ շերտ ունեցող մոնիտորներ, որոնք մասամբ են ճառագայթում: Ամենից շատ աչքերի վրա ազդում են առանց պաշտպանիչ շերտի մոնիտորները: Վաղարշակ Գասպարյանի խոսքերով, արտասահմանում սպառողների 95 %-ը գնում է հեղուկ-բյուրեղային մոնիտորներ:

«Իսկ մեզ մոտ հիմնականում գնում են «տրուբկա» մոնիտորներ. տոկոսային առումով գնորդների մոտ 60%- ը»:

Երիտասարդներն այսօր, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ չեն, բայց չեն ուզում հետ մնալ ժամանակից, ոչ էլ կորցնել իրենց առողջությունը: Նրանք գնում են միջին որակի մոնիտորներ: Գերհոգնածությունից խուսափելու համար մասնագետներն առաջարկում են տարբեր տեսակի վարժություններ՝ երկար աշխատելու դեպքում պետք է պարբերաբար հեռանալ համակարգչից մոտ 15 րոպե, դուրս գալ մաքուր օդ, կամ էլ կատարել հատուկ վարժություններ:



Կարինե Իոնեսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG