Մատչելիության հղումներ

logo-print

Բերնար Ֆասիեն կժամանի Երեւան


Այսօր ավարտվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի այցը Բաքու: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թահիր Թաղիզադեն՝ չցանկանալով բացահայտել Ֆասիեի այցի բոլոր մանրամասները, նշեց միայն, որ այսօր ֆրանսիացի դիվանագետը հանդիպելու է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ֆրանսիացի համանախագահը Երեւան կժամանի վաղը, իսկ հաջորդ օրը նախատեսված է նրա հանդիպումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Բերնար Ֆասիեի տարածաշրջանային այցից հետո Հարավային Կովկաս կժամանի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը, ով, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի, Բաքվում կլինի ապրիլի 18-ին:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը օրերս հայտարարել է. - «Մենք մեծ հույսեր ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կկարողանան գտնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը»:

ՄքՔորմաքը նաեւ նշել է, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները գտնվում են ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուշադրության ներքո: «Նա մեծապես ներգրավված է այդ ամենում, ներգրավված է նաեւ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի, այս խնդրով զբաղվող մյուս անձանց միջոցով», - ասել է պետդեպարտամենտի խոսնակը:

Դենիել Ֆրիդը երկուշաբթի մեկ անգամ եւս անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման ընթացքին՝ հայտարարելով. - «Վիճակն այնքան անհույս չէ, ինչպես թվում էր Ռամբույեից անմիջապես հետո»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG