Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի ոստիկանապետը հերքում է, թե ծեծկռտուք է եղել ոստիկանների ու երկրապահների միջեւ


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը երկուշաբթի օրը հերքեց, թե ապրիլի 7-ին «Երկրապահ» կամավորականների միության շենքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երկրապահների միջեւ: Նրա ձեւակերպմամբ՝ ԵԿՄ անդամները պարզապես ոստիկաններին «չեն ճանաչել»:

«Քանաքեռ - Զեյթունի ոստիկանության տղաները հետախուզվող են հետապնդել, որը մտել է Երկրապահի շենք: Նրա հետեւից մեր տղաները գնացել են եւ այնտեղ գտնվող ԵԿՄ անդամները իսկապես չեն իմացել, որ դա ոստիկանության աշխատողներ են... Խոսակցություններ են եղել, վիճաբանություն, կարող է՝ լեզվակռիվ, բայց լուրջ ոչինչ չի եղել», - հայտարարեց Երեւանի ոստիկանապետը:

Նազարյանի փոխանցմամբ, ինքը միջադեպը քննարկել է ԵԿՄ նախագահ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ եւ անհանգստություն է հայտնել, որ հետախուզվողին հաջողվել է փախչել: Գրիգորյանը երկրապահներին հրահանգել է օգնել ոստիկանությանը՝ հայտնաբերելու հանցագործին:

«Հետախուզվողը հայտնաբերված չէ: Նա հետախուզվում է խուլիգանության հոդվածով», - հավելեց Նազարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG