Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 8-ը ապրիլի)

Հրազդանի ՋԷԿ-ը Ռուսաստանին փոխանցելու իշխանության որոշման կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը եւս մեկ անգամ վերադառնում է Վանո Սիրադեղյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ներկայացրել էր որպես Ռուսաստանում ծրագրված եւ իրականացված դավադրության արդյունք: Թերթը բխեցնում է. - «Սա իր հերթին նշանակում է, որ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստացել է Ռուսաստանի ձեռքից եւ դրա համար ուղղակի պարտական է այդ երկրին... Եթե ուշադիր նայում ենք, թե Քոչարյանի իշխանության տարիներին Ռուսաստանը ինչեր ձեռք բերեց Հայաստանում, Սիրադեղյանի բացահայտումը ավելի ու ավելի ճշմարտանման է հնչում»: Թերթը շարադրում է, որ Ռուսաստանին անցան Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերը, Սեւան - Հրազդան կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, «Արմենալ»-ը, Երեւան քաղաքի կառուցապատվող կենտրոնի մոտ կեսը: «Շուտով այս ճակատագրին կարժանանան նաեւ Իրան - Հայաստան գազամուղը եւ «ԱրմենՏել»-ը», - հավելում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանում հաստատված է քրեական, ոչ լեգիտիմ, ապօրինի իշխանություն, ընդամենը մասնակի են բացահայտում իրականությունը: Հայաստանում հաստատված է օտար կամ, ավելի ճիշտ, ռուսական իշխանություն»:

«Հայոց Աշխարհ»֊ը փաստում է. - «Նրանք, ովքեր այսօր հերթական անգամ աղմկում են Վանո Սիրադեղյանին քաղաքական հալածանքների ու հետապնդումների ենթարկելու մասին, առիթով ու անառիթ պարբերաբար հայտարարություններ են անում ժամանակին երկրում իրականացված հեղաշրջման, հանցավոր վարչախմբի, ոչ լեգիտիմ իշխանության եւ նմանատիպ այլ բաների մասին: Հետեւաբար, եթե նախկինների հանդեպ քաղաքական հետապնդումներ լինեին, ապա պիտի հետապնդվեին հենց նման ելույթներ ունեցողներն ու հայտարարություններ անողները... Բայց նրանք չեն հալածվում, չէ՞», - փաստում է թերթը: - «Ոչ ոք նրանց կազմակերպությունների ու ակումբների գործունեությունը չի արգելում եւ չի կասեցնում, ոչ ոք չի փակում նրանց գաղափարները տարածող լրատվամիջոցների բերանը, ոչ ոք պետական քարոզչական մեքենան նրանց դեմ չի լարում, ոչ ոք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին վարկաբեկիչ թղթածրարներ չի առաքում, ոչ ոք պատմական արխիվներից «կոմպրոմատ» գտնելու համար գիտնականներ չի վարձում»: Մեկնաբանը ավարտում է հարցադրումներով. - «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ «քաղաքական հալածանքի» տակ ընկավ միայն օրենքի հետ պահմտոցի խաղացող Վանո Սիրադեղյանը: Իսկ գուցե այն պատճառով, որ նրա հրահանգով տասնյակ մարդի՞կ են սպանվել, բայց այդ դեպքում մարդասպանի «քաղաքականը» ո՞րն է»:

«168 ժամ»-֊ը վարչապետին հարցրել է, թե արդյո՞ք կառավարության որոշումը չի հակասում իր խոսքերին՝ հիշեցնելով, որ նա ժամանակին ասել էր, թե «ոչ մի ապրանք չենք տալու գազի դիմաց»: Անդրանիկ Մարգարյանը պատասխանում է. - «Ոչ, չի հակասում: Պետք է տարբերակել երկու բան. գույք կամ ակտիվներ՝ գազի գնի թանկացումը կանխելու, փոխհատուցելու դիմաց մենք չենք տվել: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը մեր երկրի համար շահեկան պայմաններով վաճառել ենք, որն ուղղակիորեն պետք չէ կապել գազի գնի թանկացման հետեւանքները մեղմելու հետ, քանի որ վաճառքից ստացված միջոցները ՀՀ կառավարությունը կարող էր տնօրինել նաեւ այլ խնդիրների լուծման նպատակով, այդ թվում՝ սոցիալական: Կառավարությունը նպատակահարմար է գտել վաճառքի արդյունքում ստացված միջոցների մի մասը նպատակաուղղել երկրի ներսում գազի գնի թանկացման հետեւանքները մեղմելուն, բնակչության վրա թանկացման բեռը չծանրացնելուն»: Մեջբերելով վարչապետի այս պատասխանը՝ «168 ժամ»-֊ը հակիրճ մեկնաբանում է. - «Սրան խոսակցական լեզվով ասում են «կրուտիտ»»:

«Առավոտ»֊-ը ներկայացնում է ՀՀՇ վարչության հայտարարությունը, ուր, մասնավորապես, նշված է. - «Վարչախումբը, գազի գնի մեղմացման միջոցառումների անվան տակ կատարում է ժողովրդահաճ թվացող, իրականում ՀՀ ազգային անվտանգությունը վտանգող եւ սեփական իշխանությունը պահպանելուն ու վերարտադրելուն ուղղված հերթական քայլը: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսական պետական ընկերությանը օտարելը՝ դրա դիմաց երեք տարի Հայաստանի սպառողներին իբր էժան գազ տրամադրելու համար, արդարացված չէ ո’չ քաղաքական, ո’չ տնտեսական, ո’չ սոցիալական առումներով»:

«Հայոց Աշխարհ»-֊ը, գրելով, թե գազի ներքին սակագների կտրուկ բարձրացումը չէր կարող էական ազդեցություն չունենալ ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության վրա, նշում է. - «Այս գործարքով, ըստ էության, հաջողվեց կանխել ոչ միայն գազի գնի կտրուկ բարձրացումը, այլեւ պայմաններ ստեղծվեցին, որ մյուս բոլոր ոլորտներում եւս թանկացում տեղի չունենա»: «Սակայն խնդրի լուծումը ամենեւին չպետք է համարել փակված», - նախազգուշացնում է թերթը: - «Ընտրված տարբերակը պետք է դիտարկել լրացուցիչ խթան կամ արտոնյալ ժամկետ՝ տնտեսությունը կարգի բերելու համար: Եթե առաջիկա երեք տարիներին չլուծվեն էներգախնայողական ռեժիմներին անցնելու խնդիրները, ապա դրանից հետո իրավիճակը շատ ավելի բարդ կլինի»:

«Առավոտ»-֊ի փոխանցմամբ, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. - «Գազի բարձրացված սակագնի մեղմման նպատակով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսական կողմին վաճառելը բխում է Հայաստանի ազգային շահերից»:

«Ակնհայտ է, որ այս գործարքը իր տխմարությամբ պարզապես աննախադեպ է», - որակում է «Հայկական ժամանակ»֊-ը: - «Իրականում սա ընդգծված կրիմինալ գործարք է, որը մտածել եւ իրականացրել են մի խումբ հանցագործներ: Եթե մի շատ թանկ ապրանք վաճառել ես շատ էժան գնով, նշանակում է, որ իրական գնի եւ վաճառքի ցույց տված գնի տարբերությունը գրպանել ես. այլ բացատրություն պարզապես չկա»: Ընդամենը երկուսուկես ձմեռ «գազի գնի շատ չթանկանալը համարելով այդ գումարը գրպանողների կողմից բնակչությանը արված թեթեւ մաղարիչ»՝ «Հայկական ժամանակ»-ը պնդում է. - «Սա ո’չ տնտեսական, եւ ո’չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելը իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:

«Վստահություն` ամրագրված երդմամբ» վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթը ազդարարում է. - «Ապրիլի 9-ին լրանում է նախագահ Քոչարյանի երդմնառության 3-րդ տարին»: Այս հրապարակման մեջ նաեւ նշված է. - «Ինչ վերաբերում է պետության նավը երկրի ներքին ջրերում վարելուն, ապա այստեղ ալեկոծությունների բացակայությունը ոչ միայն ընդդիմության անկարողության, այլեւ ու նախեւառաջ` նավապետի կարողության արդյունք է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG