Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը


Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը:

«Երեքշաբթի օրը Վեհաժողովը քննարկելու է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը: Ելույթում ես փորձելու եմ կապ գտնել այդ հիմնախնդրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքերով, Իսրայելի պետության ստեղծումից՝ 1948 թվականից ի վեր, այնտեղ չի մարում կրակը, եւ հիմա նույնը կբռնկվի Լեռնային Ղարաբաղում, որը 16 տարի առաջ փաստացի անկախացել է, սակայն միջազգային ճանաչում չի ստացել:

«Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը դառնում է հրատապ, այլապես, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, իրավիճակը՝ ձգձգվելու պարագայում, հղի է վերածվել տաք պատերազմի», - կարծում է «Ազգային միաբանության» առաջնորդը:

Գեղամյանի խոսքերով, եզրափակիչ օրը՝ ապրիլի 13-ին, Եվրախորհրդում լսվելու է «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղահանված անձինք եւ փախստականներ» զեկույցը, որը պատրաստել է Լատվիայի պատգամավոր Բորիս Չիլեւիչը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG