Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մամուլն այսօր տարբեր գնահատականներ է տալիս այն գործարքին, որը կարելի է անվանել՝ «գազի սակագների մի փոքր իջեցում՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի դիմաց»: «Հայոց աշխարհ»-ը փաստում է՝ «Հայաստանն ուներ երկու տարբերակ։ Կամ չվաճառել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ծախսել այն կոնսերվացված վիճակում պահելու համար տարեկան մի քանի միլիոն դոլար եւ որոշ ժամանակ անց դառնալ անպետք փլատակների տեր (արդեն արված ներդրումների մասին չենք էլ խոսում), կամ վաճառել կայանը շատ բարձր գնով ու լուրջ ներդրումային ծրագրի պայմաններում։ Ընտրվեց տրամաբանական տարբերակը»։

Մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Առավոտ»-ում կարծիք է հայտնու՝ «Ակնհայտ է, որ ռուսներին ձեռնտու է այս տարածաշրջանում թելադրող լինել, իսկ Հայաստանի իշխանությունները որեւէ բան չեն կարող անել Ռուսաստանին հակադրվելու համար, որովհետեւ դրածոներ են: Սա հակաժողովրդական ընտրությունների, իշխանության բռնազավթման արդյունքն է, երբ Քոչարյանը Ռուսաստանի կողմից նշանակվեց Հայաստանի տարածքում որպես ռուսական ներկայացուցիչ»:

«Խիղճը, աբուռը, նամուսը ամեն մեկին չի տրվում»՝ այս վերտառությամբ «Իրավունք»-ը տպագրել է գրող եւ հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին: Հրաչյա Մաթեւոսյանը գրում է՝ «Ո՞վ դառնա նախագահ՝ էն դարավերջի հարցակուլը երբ կախված էր երկնքից, ես իմ ռադիոխոսքով եւ իմ գրավոր ակնարկով ավելի անզուսպ գտնվեցի, իբր ճիշտ տրամաբանելով՝ Ղարաբաղից է եկել, կռիվներից է եկել, հաղթանակներից է եկել, մեջը նամուս կլինի՝ հայությունն իր հաղթանակող առաջնորդը կունենա: Ես ձայն եմ տվել քեզ, խեղճ գյուղս էլ իմ խոսքին ունկնդիր է եղել: Ոչ քիչ գործած իմ սխալներից մեկը, եթե ոչ գլխավորը ես համարում եմ էն, որ քեզ հավատացել եմ»:

Իր բաց նամակը Հրաչյա Մաթեւոսյանը ավարտում է այսպես՝ «Եղար օրինախախտ նախագահ, հավատում եմ, որ գոնե կլինես օրինավոր կալանավոր»:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը «Այբ-ֆե» թերթում գրում է՝ «Ցեղասպանության հարցը դնելով արտաքին քաղաքականություն հիմքում, այսինքն, մեզանում 4 սերունդ առաջ կատարված ողբերգությունը եւ այն ժամանակվա Հայաստանի քաղաքական պատասխանատուների սխալները, փաթաթվում են ժամանակակից եվ ապագա հայերի վզին: Նկատելի է, որ Դաշնակցությունը ու նրա նման դատող քաղաքական ուժերը ընդամենը ժամանակակից հայերի միջոցով ուզում են իրենց պատմական վրեժը լուծել մի ժողովրդից կամ պետությունինց, որը իրենց մատների վրա է խաղացրել: Չէ՞ որ հայերի ցեղասպանությունը ծրագրել եւ իրականացրել են դաշնակցականների պառլամենտական դաշնակիցները՝ երիտթուրքերը՝ դաշնակցականների ատենոք բարեկամ թուրքերը»:

«Հայկական ժամանակ»-ը այսպես է անդրադառնում Գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հրաժարականին՝ «Ինչ վերաբերում է Ֆադեյ Սարգսյանին, ակադեմիայի նախագահության նախօրեին տեղի ունեցած նիստը, փաստորեն, նրան ինդուլգենցիա տալու համար էր եւ պաշտոնապես արձանագրելու, որ նա հրեշտակ է: Ֆադեյ Սարգսյանն էլ իր հերթին պատասխան ծառայություն մատուցեց իշխանություններին՝ բոցաշունչ ճառ արտասանելով ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասին: Թերեւս, այս ծառայության դիմաց Տաճատիչը առաջիկա օրերին նշանակվելու է Հայաստանի վարչապետի խորհրդական: Բայց եթե նա առաջիկայում ելույթ ունենա ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կարծում ենք, երկու-երեք մարշրուտկայի գիծ կստանա»:


Եվ վերջապես «Հայոց աշխարհ»-ը հիշեցնում է, որ այսօր գեղեցկության եւ մայրության տոնն է եւ նկարագրում է, թե ինչ է լինում այն տղամարդկանց հետ, ովքեր պատշաճ ուշադրության չեն արժանացնում կանանց՝ «Յուրաքանչյուր կարգին տղամարդ, ցավոք, ստիպված է ժամանակ առ ժամանակ մտածել կանանց մասին։ Այլապես նա կծածկվի պզուկներով ու լարվածությունից կճաղատանա։ Այդպիսի տղամարդը շատ շուտով կդառնա չափազանց տհաճ եւ ժամանակի հետ կմահանա՝ սերունդներին որպես ժառանգություն թողնելով վիտամինների կիսատ սրվակը, դրոշմանիշերի հավաքածուն ու պլաստմասսայե սանրը։ Դրա համար էլ տղամարդկանց անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ՝ ամսական մի քանի անգամ, մտածել կանանց մասին»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG