Մատչելիության հղումներ

«Հայաստանում պատկերը մտահոգիչ է»


ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում ժողովրդավարության տարածման եւ մարդու իրավուքների պաշտպանության գործում Միացյալ Նահանգների իրականացրած քայլերի վերաբերյալ զեկույց, որում առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում տիրող իրավիճակին: «Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության վիճակի բարելավման ուղղությամբ Հայաստանում թեեւ կան որոշ դրական զարգացումներ, բայց ընդհանուր առմամբ պատկերը մտահոգիչ է»:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանական լայն լիազորությունները գտնվում են հնազանդ խորհրդարանի վերահսկողությունից դուրս, արդարադատության համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշման եւ խոցելի է կոռուպցիայի տեսակետից: Այս ամենի հետ մեկտեղ երկրի ընդդիմությունը թույլ է եւ մասնատված», - փաստում է զեկույցը:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կրկին հիշեցնում է լուրջ օրինախախտումներով անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին, նշելով, որ 2005-ի նոյեմբերին նույն պատկերն էր սահմանադրական հանրաքվեի ժամանակ: «Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը չի շտապում իրականացնել Եվրախորհրդին անդամակցելու համար առաջադրված նախապայմանները», - ասված է զեկույցում:

«Առաջվա նման խնդիր են ոստիկանությունում ձերբակալվածների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունները, չափից երկար տեւող հետաքննությունները, վատ պայմանները ազատազրկման վայրերում, ոստիկանության եւ դատախազության համակարգերում կոռուպցիան: Բացի այդ, Հայաստանում որոշակիորեն սահմանափակված է մամուլի ազատությունւ», - նշում է պետդեպարտամենտը:

Անցյալ տարի Միացյալ Նահանգների ջանքերը ուղղված էին հիշատակված խնդիրների լուծմանը: Պետդեպարտամենտը հայտարարում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին գումարների հատկացումը պայմանավորված է, առաջին հերթին, մարդու իրավունքների ցուցանիշների բարելավմամբ:

Նախկինում, ըստ զեկույցի, Միացյալ Նահանագների նյութական օժանդակությամբ իրականացված մի շարք ծրագրեր ուղղված էին «իրական ժողովրդավարության ավանդույթների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, քաղաքական ճնշումներից մամուլի անկախության ապահովմանը եւ կրոնական անհանդուրժողականության հաղթահարմանը»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG