Մատչելիության հղումներ

«Գույք՝ գազի դիմաց» գործարքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս


Կառավարության երեկվա նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ այս տարվա ապրիլի 10-ից սկսած մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի բնակչության ամսական մինչեւ 10.000 խորանարդ մետր գազ սպառողները գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց կվճարեն 65 դրամ, այսինքն զգալիորեն ավելի պակաս, քան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած 90 դրամ սակագինն է։ Այդ 25 դրամ տարբերությունը գազ վաճառող «Հայռուսգազարդ»-ին կվճարի պետությունը, այսինքն՝ բնակչությանը կսուբսիդավորի։ Հաստատված սակագնի մոտ մեկ երրորդի չափով փոխհատուցում կստանան նաեւ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողները` տնտեսավարողները: Նրանց դեպքում 146,51 դոլարից կառավարությունը կփոխհատուցի 52,01 դոլարին համարժեք դրամը:

Բնական գազը բնակչության համար կթանկանա ոչ թե 52,5տոկոսով, այլ ընդամենը 10 տոկոսով, ու առաջիկա երեք տարիներին այդ սակագինը չի փոխվի։ «Սա զգալիորեն կթեթեւացնի ճնշումը ընտանիքների բյուջեների վրա», - ասաց նախարարը:

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի կառավարությունը այս սուբսիդիան որոշել է փոխհատուցել ի հաշիվ ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների՝ Հրազդանի Ջերմակայանի կիսակառույց 5-րդ էներգաբլոկի կառուցման, սեփականության եւ շահագործման իրավունքի «Գազպրոմ»-ին փոխանցման։

«Բանակցությունների արդյունքում որոշվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը 248,8 միլիոն դոլարով վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը:

Նախարարը մանրամասնեց, որ ազպրոմի վճարած գումարից 188 միլիոն դոլարը երեք տարվա ընթացքում գազի սակագնի սուբսիդավորումն է, իսկ մնացած 60 միլիոն դոլարը կանխիկ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության բյուջե։
Ըստ նախարարի, «Գազպրոմ»-ը 248 միլիոն դոլար վճարելով նաեւ որոշակի ներդրումային պարտավորություններ է ձեռքբերում:.

«Գազպրոմ» ընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ երեկ կնքված այս գործարքը, որը պայմանականորեն կոչենք «գույք՝ գազի դիմաց», ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչ ունի: Բացի Հրազդանի ՋԷԿի 5-րդ կիսակառույց բլոկից «Գազպրոմ»-ի սեփականությանն է անցնում նաեւ դեռեւս չկառուցված Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը, ինչպես նաեւ՝ այդ գազատարի Քաջարանից Երեւան ձգվելիք ճյուղի շինարարության պատվիրատուի բացառիկ իրավունքը։ Սակայն, Արմեն Մովսիսյանն այսօր պնդեց, որ «գույք՝ գազի դիմաց» բանաձեւով փոխանցվել է միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, իսկ գազատարի մասին խոսք չի եղել:

«Իրան-Հայաստան գազամուղը դեռեւս չկառուցված գազամուղ է, դեռեւս տնտեսավարող ձեռնարկություն չէ եւ, հետեւաբար, բաժնետիրական ընկերություն չէ եւ բաժնետոմսեր չունի՝ հնարավոր չէ այն վաճառել», - ասաց նախարարը:

Ակնհայտ է, որ այստեղ ինչոր բան անհասկանալի է մնում: Միգուցե, ռուսական ընկերությունը ոգեւորված ձեռքբերումով շտապել է ցանկալին իրականի տեղ մատուցել, մյուս կողմից, չէ՞ որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն էլ դեռեւս կիսակառույց ու ոչ ավարտուն վիճակում գտնվող օբյեկտ է։

Իրան-Հայաստան գազատարը կառուցվելու է մինչեւ այս տարվա վերջը, իսկ ապրիլի 5-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի համաձայն, գործարքի ձեւակերպման վերջնաժամկետ է սահմանված 2007 թվականի հունվարի մեկը։

Հայաստանի կառավարությունը կարողացել է այս անգամ գործարքը գլուխ բերել դեռեւս չունեցած գույքով՝ այդպիսով մեղմելով սակագնի աճը գոնե մինչեւ 2009-ի հունվարի մեկը։

«2008-ից հետո էլ սակագների թռիչք չի լինի»՝ վստահեցնում են իշխանությունները: Արմեն Մովսիսյանի խոսքերով, այս գները փոփոխման ենթակա չեն առաջիկայում, իսկ հետո էլ նույնիսկ, որոշ վերլուծաբանների կարծիքով, չի բացառվում գազի գնի անկում:

Մովսիսյանը պնդեց, որ այս գործարքն էլ լավագույններից է ու այլընտրանք չունի: Եւ այն կայացել է միմյանց փոխադարձորեն համոզելու միջոցով:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG