Մատչելիության հղումներ

Հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանը, որը մոտ մեկ տարի ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, այլեւս ազգային թիմի մարզիչը չէ:

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Փյունիկ-Արարատ հանդիպմանը ազգային հավաքականի եւ Փյունիկի արդեն նախկին մարզիչ Հենկ Վիսմանը հետեւում էր հանդիսատեսի կարգավիճակով: Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում նրա հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել:

Հենկ Վիսմանը նշեց, որ այս որոշումն իրեն անակնկալի է բերել: «Սա իմ որոշումը չէ, ես պատրաստ եմ եւս 2 տարի աշխատել հավաքականի հետ», - ասաց նա:

Հոլանդացի մարզչի գլխավորությամբ մեր հավաքականը 9 հանդիպում է անցկացրել, որոնցից 7-ում պարտություն է կրել եւ հաղթել միայն Անդորայի թույլ հավաքականին: Մեկ խաղ էլ ավարտվել է ոչ ոքի:

Հենկ Վիսմանը Հայաստանի հավաքականը գլխավորած 4-րդ արտասահմանցի մարզիչն էր, եւ ինչպես նախորդները, նա նույնպես լուրջ հաջողությունների չհասավ:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականի նոր մարզչին, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ արդեն բանակցություններ են վարվում արտասահմանցի տասը մասնագետների հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

Մինչդեռ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկին ընդամենը 5 ամիս է մնացել:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG