Մատչելիության հղումներ

Բուշը Ալիեւին հրավիրել է Վաշինգտոն


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են ամերիկյան դիվանագիտական աղբյուրները, Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հրավիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Վաշինգտոն: Պաշտոնական այցը տեղի կունենա ապրիլի վերջին:

Ադրբեջանի նախագահի այցի մանրամասները նախապես Վաշինգտոնում քննարկելու են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Անանուն աղբյուրները նաեւ նշում են, որ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգերի նախագահների քննարկման հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերությունները, էներգետիկ խնդիրները եւ տարածաշրջանային հակամարտությունների լուծումը:

Իլհամ Ալիեւի քաղաքական կենսագրության մեջ սա առաջին պաշտոնական հրավերն է Վաշինգտոն: 2003-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ ընտրվելուց ի վեր Իլհամ Ալիեւը ամերիկյան կողմից Վաշինգտոն այցելելու պաշտոնական հրավեր չէր ստացել: Նրա հայրը՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգտոն էր մեկնել 90-ականների կեսերին՝ նախագահ Բիլ Քլինտոնի հրավերով: Երկրորդ անգամ Հեյդար Ալիեւին Սպիտակ տանը հյուրընկալեցին արդեն 2001-ի գարնանը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Դա տեղի ունեցավ Քի Ուեսթի բանակցություններից անմիջապես հետո: Դա առաջին եւ առայժմ վերջին դեպքն էր, երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր Սպիտակ տուն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG