Մատչելիության հղումներ

Կրեդիտը՝ որպես ուսանողի աշխատանքների գնահատման նոր միավոր


Կրեդիտային համակարգը արդեն ներդրվել է Հայաստանի 4 պետական բուհերում՝ Ճարտարագիտական, Լեզվաբանական, Մանկավարժական համալսարաններում եւ Գյուղատնտեսական ակադեմիայում:

Կրեդիտը՝ ուսումնական տարվա ընթացքում ուսանողի կատարած աշխատանքի արդյունքն է, այդ արդյունքի չափման միավորը: Կրեդիտ կոչվող միավորը արտահայտում է ուսանողի մասնակցությունը դասերին, նրա կատարած գործնական աշխատանքները, ինքնուրույն, լաբորատոր, գրավոր աշխատանքները եւ այլն: Յուրաքանչյուր ուսումնական տարի ուսանողը պարտավոր է հավաքել միջինը ոչ պակաս, քան 60 կրեդիտ, հետեւաբար, չորս տարվա ընթացքում՝ 240 կրեդիտ: Յուրաքանչյուր բուհ ձեւավորում է կրեդիտային համակարգի իր սանդղակները՝ ըստ մասնագիտության, այսինքն՝ թե ուսանողի կատարած ո՞ր աշխատանքի համար նա որքան կրեդիտ է վաստակում:

«Կրեդիտը ուսանողի համար իր ծանրաբեռնվածության եւ ձեռքբերումների չափման միավոր է, որը նախկինում իրականացվում էր ժամային համակարգով: Ասենք, տվյալ ուսանողը ուսումնական տարվա ընթացքում պետք է սահմանված ժամերի քանակ ապահովեր տվյալ առարկայից, այժմ այդ ամենը արտահայտվում է կրեդիտային կոչվող համակարգով», - ասում է Կրթական ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության բաժնի պետ Վաղարշակ Խաչատրյանը:

Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը, ըստ Վաղարշակ Խաչատրյանի, այն է, որ հեշտանում է ուսանողների տեղափոխությունը տարբեր երկրների բուհական համակարգեր, ճանաչվում են Հայաստանի ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթերը, մեծանում է արտերկրում մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունը:

Իսկ որքանո՞վ են պատրաստ բուհերը նոր համակարգին: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի խոսքով՝ այս հարցում իրենք չեն շտապելու եւ հաշվի են առնելու յուրաքանչյուր բուհի հնարավորությունները:

2006-ից մինչեւ 2010 թվականը կրեդիտային համակարգը պետք է ներդրվի Հայաստանի բոլոր բուհերում: Բնականաբար, սկզբից այն կտարածվի միայն նոր ընդունվածների՝ առաջին կուրսի ուսանողների վրա:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG