Մատչելիության հղումներ

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»


Գետնանցումում կյանքն ընթանում է իր ամենօրյա հունով՝ արտակարգ իրավիճակներ չեն լինում: Մշտական բնակիչները իրենց օրը սկսում են ժամը 10-ին: Վաղ առավոտյան արթնանում են: Տան, ընտանիքի, երեխաների հոգսերը կարգավորելուց հետո ներկայանում են աշխատավայր: Հաճախորդների հոսքը շատանում է կեսօրից հետո: Սմբատն ասում է, որ երբեմն կարելի է չներկայանալ աշխատավայր: «Բայց հետո հետեւանքները ավելի ծանր կլինեն՝ մի օր չգալով, կարող ենք մի շաբաթ սոված մնալ»:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երեւանի գրախանութների 90 տոկոսը վերացավ: Բայց քանի որ պահանջարկը կար, ստեղծվեցին մանր-մունր վաճառքի կետեր: Եվ գետնանցումի ներկայիս բնակիչները որոշեցին դիմել քաղաքապետարանին՝ գետնանցումի տարածքը վաճառատեղ օգտագործելու խնդրանքով: Քաղաքապետարանը չմերժեց, եւ արդեն 10 տարուց ավելի է, ինչ անցումը ծառայում է որպես գրախանութ:

Վաճառողները գրքերը ձեռք են բերում տարբեր ճանապարհներով: Համագործակցում են հեղինակների, հրատարակչությունների, մասնավոր անձանց հետ: «Մեզ մոտ անհամեմատ էժան գներով կարելի է ձեռք բերել ցանկացած գիրք: Նույնիսկ իսպաներեն-հայերեն բառարանը, որը գրախանութներում արժե 20 հազար դրամ, մենք, սակարկելով, կարող ենք վաճառել 10 հազարով», - ասում է գրավաճառ Վասիլ Լազյանը:

Վաճառողների շուրջ 90 տոկոսը բարձրագույնն ավարտած մարդիկ են՝ տարբեր մասնագիտություններով: Օրինակ, հենց Սմբատը 3 մասնագիտություն ունի, նաեւ ստեղծագործում է: Շատ է սիրում պոեզիա՝ «Մաքս Լիբերթի»֊ի ունկնդիրների համար նույնիսկ մի մի քառատող արտասանեց:

Վասիլ Լազյանն էլ մատենագետ է, բայց նրան չի հաջողվել աշխատել իր մասնագիտությամբ: Արդեն 15 տարի կլինի, որ գիրք է վաճառում: Նրա խոսքով՝ այս նոր մասնագիտությունն էլ մոտ է մատենագիտությանն այն առումով, որ գործ ունի գրքերի հետ:

«Ճիշտ է, հիմա ընթերցանությունը այնքան էլ հարգի չէ, բայց, այնուամենայնիվ, պահանջարկ կա», - ասում են վաճառողները: Ցուրտ ու մութ տարիներին ավելի մեծ էր սերը գրքի եւ գրականության հանդեպ: Հիմա գիրք գնում են հիմնականում ուսանողներն ու դպրոցականները, այն էլ ստիպված:

«Անցումային» կյանքն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Անցումը պահպանում է անձրեւներից, բայց քանի որ 6 կողմերից բաց է, միջանցիկ քամիներից հնարավոր չէ խուսափել:

Այնուամենայնիվ, չներկայանալ աշխատավայր գրավաճառները չեն կարող՝ այս աշխատանքը նվազագույն ապրուստի միջոց է: Գետնանցումը մոտ 20 ընտանիք է կերակրում:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG