Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Գազի գինը բնակչության համար 10-15 տոկոսից ավելի չի թանկանալու»


Գազի գինը Հայաստանի բնակչության համար 10-15 տոկոսից ավելի չի թանկանա, հայտարարել է այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահի լրատվական ծառայության կողմից Էլեկտրոնային լրատվամիջոցներին տրամադրված տեսաժապավենում Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «Պետք է գիտակցենք, որ 54֊-դոլարանոց գազ՝ 1000 խորանարդ մետրի դիմաց այլեւս չի լինելու, եւ այդպիսի գազ չկա ոչ մի տեղ»:

Ըստ նախագահի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր էր նոր սակագներ հաստատել: «Բայց մենք վերջին 2-3 ամսվա ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք ռուսական կողմի հետ՝ լուծումներ գտնելու համար: Մեր նպատակը եղել է՝ մեղմել այս գնաճի հնարավոր ազդեցությունը մեր ժողովրդի վրա»:

«Կարծում եմ, լուծումները մենք գտել ենք, եւ կառավարությանը հանձնարարված է մոտակա մի քանի օրվա ընթացքում վերջնական որոշումներ կայացնել այս հարցի շուրջ»:

«Մենք մտադիր ենք ռուսական կողմի հետ մեծ ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում՝ կապված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հետ, որի արդյունքում կառավարությունը գումարներ կունենա փոխհատուցելու առաջիկա 3 տարվա ընթացքում այդ գնաճը ժողովրդի համար, մեղմելով այդ ազդեցությունը թե ժողովրդի, թե բիզնեսի վրա: Դրան զուգահեռ կավարտվի ջերմակայանի շինարարությունը, այն կարդիականացվի, ինչի շնորհիվ կունենանք շատ ավելի բարձր օգտակար գործողության գործակից: Արդյունքում կունենանք շատ ավելի քիչ գազով ստացվող էլեկտրաէներգիայի քանակ, որը հնարավորություն կտա հետագա մեր սակագնային քաղաքականությունում ավելի մեղմ սցենարներ մշակել: Ուրեմն ժողովուրդը կարող է հանգիստ լինել՝ գազի գինը բնակչության համար 10-15 տոկոսից ավելի չի թանկանալու: Սա արդեն այսօր մենք կարող ենք հայտարարել: Կառավարությունը գտավ ճանապարհը, որով կարող է մեղմել այդ սակագինը»,֊ - հավաստիացրել է Ռոբերտ Քոչարյանը:

Այն բանից հետո, երբ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը գազի գինը Հայաստանի համար սահմանեց 110 դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անցած ամիս գազի սակագինը Հայաստանի բնակչության համար սահմանեց 90 դրամի չափով՝ 1 խորհանարդ մետրի դիմաց ներկայիս 59֊-ի փոխարեն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG