Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն այցելեց «Հայռուսգազարդ»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Հայռուսգազարդ» ընկերություն: Նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահն ընկերություն էր մեկնել անցած տարվա ցուցանիշներին եւ այս տարվա անելիքներին ու ակնկալիքներին ծանոթանալու համար, քանի որ ընկերությունն առանցքային դեր ունի երկրի տնտեսության մեջ:

Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ, որ նախագահը խոսել է նաեւ «գազի սակագնի բարձրացման արդյունքում սպասվող հետեւանքները մեղմելու մասին, Հայաստանի էներգետիկ անվտանգության համատեքստում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի արդիականացման մասին»:

Այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գազի հետ կապված բանակցությունների արդյունքում Հրազդանի ՋԷԿ-ի բլոկը անցնելու է Ռուսաստանին, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց՝ «Նախագահն իր խոսքում նման բան չի ասել»:

Սակայն «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները պնդում են, որ նախագահ Քոչարյանի եւ քաղաքական կոալիցիայի երեկ երեկոյան մոտ երկուսուկես ժամ տեւած նիստի ընթացքում քննարկվել է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը Ռուսաստանին փոխանցելու հարցը՝ որպես արդեն որոշված իրողություն:

Կոալիցիայի խորհրդի անդամներից թե Ազգային Ժողովի հանրապետական փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, թե Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պնդեցին, որ երեկվա նիստում քննարկել են միայն ընտրական օրենսգրքում փոփոխությունները:

Միաժամանակ Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Հայռուսգազարդ» ընկերությունում կարծիք է հայտնել, թե «ժամանակը ցույց տվեց, որ հանձին ռուսական «Գազպրոմ»-ի, ռազմավարական գործընկերոջ ընտրությունը ճիշտ է կատարված»: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ ծրագրերը եւս կնպաստեն ընկերության զարգացմանը:

«Հայռուսգազարդ»-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախագահին հայտնել է, որ ներկայումս «Հայռուսգազարդ»-ի բաժանորդների թիվն անցնում է 360 հազարից: Նախատեսվում է այս տարի այդ թիվն ավելացնել 80-100 հազարով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG