Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Երեւանյան թերթերն այսօր հայտնում են, որ երեկ Բուդապեշտում շարունակվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի դատաքննությունը: Վերջին խոսքով հանդես է եկել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Չնայած Սաֆարովի փաստաբանների հիմնական՝ անմեղսունակության վարկածին, հունգարացի դատախազը նշել է մեղադրանքի ապացուցվածությունը, ընդգծելով, որ Սաֆարովը հանցագործությունը կատարելու պահին եղել է մեղսունակ: Դատախազը Սաֆարովի համար որպես պատիժ պահանջել է ցմահ ազատազրկում՝ 30 տարին առանց ներման իրավունքի:
Դատավճիռը հրապարակվելու է ապրիլի 13-ին:

«Հայկական ժամանակ»-ը շտապում է փարատել ընթերցողների ապրիլմեկյան կասկածները՝ «Մեր թերթի ապրիլի մեկի համարում տպագրված տեղեկատվությունը, թե Ռոբերտ Քոչարյանը տեղ է գտել աշխարհի տասը ժողովրդավար լիդերների ցուցակում, ապրիլմեկյան կատակ էր»:

Հայաստանյան մամուլը անդրադառնում է այն հանգամանքին, որ OTE հունական ընկերությունը որոշել է վաճառել «ԱրմենՏել»-ը: Այսօրվա հրապարակումներից պարզ է դառնում, որ հույները նույնիսկ չեն էլ տեղեկացրել «ԱրմենՏել»-ին, որ իրեն վաճառում են: Ավելին, չեն տեղեկացրել նաեւ Հայաստանի իշխանություններին: Ահա, թե ինչ է գրում «Հայաստանի Հանրապետություն»-ը՝ «Իմ տեղեկություններով, OTE-ն Հայաստանի կառավարությանը տեղյակ չի պահել «ԱրմենՏել»-ի համար գնորդ փնտրելու իր մտադրության մասին»,- ասել է «ԱրմենՏել»-ի մամլո խոսնակ Հասմիկ Չութիլյանը: Իսկ Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը նույնպես հայտնել է, որ նախարարությունում «ԱրմենՏել»֊ի բաժնետոմսերը վաճառելու OTE-ի մտադրության մասին տեղեկություն չունեն»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի որոշումը, որով բնակիչ բաժանորդների համար գազի գինը սահմանվեց 1 խորհանարդ մետրի դիմաց՝ 90 դրամ, իսկ ձեռնարկությունների եւ խոշոր սպառողների համար՝ շուրջ 66 դրամ: Մանուկ ասպարյանի պահանջն է՝ միջին սակագինը հաշվի առնելով, բոլորի համար սահմանել գազի հավասար սակագին»:

Նույն թերթը գրում է՝ «Երեկ կեսօրին «Ժառանգություն» կուսակցության անդամները նկատել են, որ Հակոբ Պարոնյանի թատրոնի վարձակալած տարածքում գտնվող իրենց գրասենյակի երկու պատուհանները բաց են»: «Առավոտ»-ը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության գրասենյակը փակ է: Կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը թերթին ասել է՝ «Չնայած նրան, որ դրսից դուռը կողպված է, փաստորեն, ինչ֊-որ մարդիկ թատրոնի ներսից ազատ ելումուտ են անում»: Այս առնչությամբ երեկ կուսակցությունը դիմել է դատախազություն եւ ոստիկանություն: Իր հերթին, Պարոնյանի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հավաստիացրել է՝ «Դատախազությունից եւ ոստիկանությունից եկել են ու ֆիքսել, որ այդ դռները փակ են եւ կնքված: Չի կարելի նման հարցերը քաղաքականացնել»:

«Հայոց Աշխարհ»-ը վերջերս «Մեծ վտանգի առջեւ ենք կանգնած» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էր Հայաստանում գործող աղանդներին։ Թերթն այսօր գրում է՝ «Երեկ տեղեկատվության մեր հավաստի աղբյուրներից ահազանգեցին, որ շուտով Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր է նշանակվելու հայտնի մորմոն գործիչ Քենթ Քրուկսենը։ Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ԱՄՆ-ի այս քաղաքացու նշանակմամբ Հայաստանի մորմոնացման գործում հերթական, բայց լուրջ հաջողությունը կարձանագրվի»:

Եվ վերջապես «Առավոտ»-֊ի խմբագրականի հեղինակը գրում է՝ «Օրերս հարեւաններիցս մեկն ինձ ասաց. «Այ մարդ, էդ Անդրեի երգով զահլահան արեցին մեզ, քիչ ա մնում մի հատ էլ հանրաքվե անեն»:
«Առավոտ»֊-ը զարգացնում է հանրաքվեի գաղափարը, առաջարկելով հանրաքվեի դրվող հարցը՝ «Մի՞թե այնքան ապազգային եք, որ կարծում եք, թե Անդրեի երգում ամփոփված չեն մեր ժողովրդի դարավոր իղձերն ու ստեղծագործական հզոր ներուժը, եւ մի՞թե այնքան նենգամիտ կգտնվեք, որ թիկունքից կհարվածեք եվրամշակութային պատերազմի դաշտում հանուն մեր ազգի կռվի ելած երիտասարդին»: «Առավոտը շարունակում է՝ «Սա՝ երգի կողմնակիցների համար: Մեկ այլ ձեւակերպում՝ հակառակորդների ճաշակով՝ «Մի՞թե այն աստիճանի եք այլասերվել, որ հանգիստ խղճով կհամաձայնեք, որ մեր ժողովրդի անունից եվրոպական նրբաճաշակ լսարան հանվեն ոչ թե մեր մաքրամաքուր գութաներգերն ու վճիտ շարականները, այլ ինչ֊որ օտարածին, արեւելյան, յաթաղանային ելեւէջներ: Ամոթ չի՞»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG