Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան՝ «Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմությունը տեղափոխվի փողոց»


«Նոր ժամանակներ» կուսակցությունը այսօր Մատենադարանի հարակից տարածքում հրավիրել էր բացօթյա կոնֆերանս, քանի որ դահլիճ տրամադրելու խնդրանքը իշխանությունների կողմից մերժվել էր:

«Իշխանությունը ամեն ինչ անում է, որ ընդդիմությունը դահլիճներից տեղափոխվի փողոց: Մենք լսում ենք իշխանության այդ կոչը»,- ասաց կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա հայտարարեց, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը այսօրվա բացօթյա կոնֆերանսին ապահովել է հազարից ավելի պատվիրակների մասնակցություն:

Արամ Կարապետյանի վերլուծությամբ,
մինչեւ 2007 թվականը Հայաստանում ոչինչ չի փոխվելու եւ որեւէ երաշխիք չկա, որ առաջիկա ընտրությունները նորմալ են անցնելու:
«Ուղղակի փոխվել է կեղծիքների մեխանիզմը: Եթե առաջ իշխանությունները փող էին տալիս կրիմինալին, որ նրանք լցոնումներ իրականացնեն, ապա հիմա առանց գումար ծախսելու պարզապես նկարում են այդ թվերը»:

«Նոր ժամանակներ»-ի ղեկավարը ընդդիմադիր այն կուսակցություններին, որոնք, իր կարծիքով, «արդեն պայմանավորվել են իշխանությունների հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մի փոքր ներկայացված լինելու մասին», զգուշացրեց, որ նրանց խաբելու են կամ ստանալու են որեւէ բան չորոշող մանդատներ:

Արամ Կարապետյանի համոզմամբ, 2006-ը իրենց տարին է, քանի որ արտաքին քաղաքական դաշտը՝ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի, թե Իրանի, թե գազի սակագնի հետ կապված ճնշումներ է գործադրելու Հայաստանի վրա: Եվ երբ այդ ճնշումները ուժեղանան, նրա խոսքերով, պետք է պատրաստ լինել ներսում որոշակի գործողությունների, եւ անհրաժեշտ պահին Մատենդարնում հավաքել 50 հազար մարդ: Այդ նպատակով այս ամսվանից «Նոր ժամանակներ»-ը սկսում է ժողվրդի խիստ ակտիվացման գործընթացը եւ մյուս ընդդիմադիրներին կոչ է անում, ցանկության դեպքում, միանալ իրենց:

Նա հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը իրենք անցկացնելու են ոստիկանության շենքի դիմաց, քանի որ «Նոր ժամանակներ»-ի տեխնիկան բարձրախոսների հետ միասին ոստիկանությունը առգրավել է դեռ անցած տարվանից եւ հետ չի վերադարձրել:

«Նոր ժամանակներ»-ի ղեկավարը, եւս մեկ անգամ ընդգծելով իր կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշումը, հայտարարեց, թե Հայաստանը լինելու է Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցը:

«Նոր ժամանակներ»-ի բացօթյա կոնֆերանսին հրավիրվել էին նաեւ «17 + 1» ֆորատի մյուս կուսակցությունները, սակայն նրանցից ներկա էին միայն երկուսի ներկայացուցիչները՝ Գառնիկ Մարգարյանն ու Պետրոս Մակեյանը:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG