Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան՝ «Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանցի ֆուտբոլիստների անվտանգությունը»


Հայաստանի կառավարությունը պատրաստ է ապահովել ադրբեջանցի ֆուտբոլիստների եւ նրանց երկրպագուների անվտանգությունը Երեւանում՝ այսօր հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընդունելով ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնին:

2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական խմբում հաջորդ տարվա աշնանը հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները: Ըստ կառավարության մամլո ծառայության՝ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ «Հայաստանի կառավարությունը պատրաստ է լուծելու Ադրբեջանի հավաքականին պատշաճ մակարդակով ընդունելու, պաշտոնական մրցախաղի, մրցակիցների ու նրանց երկրպագուների անվտանգությունն ապահովելու հարցերը»: Լարս Օլսոնը ասել է, որ ՈՒԵՖԱ-ն անվտանգության նման երաշխիքներ է ակնկալում նաեւ ադրբեջանական կողմից:

Օլսոնը « Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը մայիսի սկզբին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Հանձնաժողովը կփորձի բանակցություններ վարել կողմերի հետ եւ լուծում գտնել: «ՈւԵՖԱ-ի ցանկությունն է, որպեսզի խաղերը կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց հասկանալի է, որ կան դժվարություններ՝ կապված անվտանգության հարցերի հետ: Հավատում ենք, որ ֆուտբոլի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացում առաջին քայլը կարող է արվել, միաժամանակ լավ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ֆուտբոլային, այլ քաղաքական է»,- ասել է նա:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը մասնակցել են ՈւԵՖԱ-ի կողմից հովանավորվող «փոքր դաշտեր» ծրագրի շրջանակներում Երեւանի Խորենացի փողոցում արհեստական խոտածածկով մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:

Միսակ Կրքյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG