Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է՝ «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը, որին ադրբեջանական կողմը մեղադրում էր Ռամբույեի բանակցությունները կիսատ թողնելու մեջ, հրաժարվել է հանդիպումը շարունակել այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւը պնդել է Քելբաջարը նույնպես Ադրբեջանին հանձնելու տարբեակի վրա: Այսինքն, երբ այսօր Էլմար Մամեդյարովը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է շարունակել Ռամբույեի բանակցությունները, ի նկատի ունի, որ Ադրբեջանը շարունակում է պնդել Քելբաջարը հետ վերցնելու վրա: Իսկ երբ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները «Պրահայի գործընթացի» շրջանակներում, նկատի ունի, որ Քելբաջարի հարցը քննարկման ենթակա չէ»: Թերթն ամփոփում է՝ «Սա նշանակում է, որ կողմերից մեկը Քելբաջարի հարցում պետք է զիջի»:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է Հայաստանի երիտասարդ կարիերիստներին: «Երիտկարիերիստների այս տեսակը թռչնագրիպի վիրուսի պես է՝ վիրուսն արդեն վերափոխվում է, հարմարվում նոր միջավայրին ու գործում ավելի ագրեսիվ: Այո, Քոչարյանը ծնեց Ալիկին, Ալիկը ծնեց Արմենչիկին (եւ փոշմանեց), Արմենչիկը ծնեց Վահրամին (եւ բազեներին նորա)… Բայց մի բան, այնուամենայնիվ, հուսադրող է. այս տեսակի ներկայացուցիչները սովորաբար առավել կատաղի պայքարում են հատկապես միմյանց դեմ, եւ արդյունքում, որպես կանոն, հաղթում է նա, ով ունի մեծ ատամներ եւ փոքր ուղեղ: Համենայնդեպս առ այսօր արձանագրված զարգացումներն այդ են ապացուցում»:

«Անցած շաբաթ Մարքսի տեսությունը որոշեց ստեղծագործաբար զարգացնել ՀՀՇ֊-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը», - հեգնում է «Հայոց աշխարհը»՝ մեջբերելով Զուրաբյանին. «Քաղաքական դաշտում, որպես ակտիվ գործոն, այսօր ՀՀՇ-ն չկա, բայց ՀՀՇ-֊ի վարչության անդամ Վանո Սիրադեղյանի մի հոդվածը, ցանկացած պարագայում, ավելի ազդեցիկ է, քան Հայաստանի քաղաքական իրականության մեջ մեկ այլ կուսակցության գործունեությունը։ Հիմա եթե Լեւոնը մեկերկու բառ ասի, կարծում եմ, դաշտն ընդհանրապես կալեկոծվի»

Արդյո՞ք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բելառուսում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Առավոտ»-ի այս հարցին պատասխանել է պատգամավոր Աղասի Արշակյանը, ով ներկա է եղել բելառուսական ընտրություններին որպես դիտորդ՝ «Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է, բայց միեւնույն ժամանակ հրահանգել է լրատվամիջոցներին չտարածել այդ շնորհավորանքը: Ուղղակի կարծում եմ, թե հնարավոր չէր մի կողմից՝ «Հազարամյակի մարտահրավերների» ողորմությանը ձեռք պարզել, մյուս կողմից՝ հրապարակայնորեն շնորհավորել մի գործչի, որն իրենից անհամեմատ լեգիտիմ է, սակայն, ցավոք, այդ գործչին չեն ընդունում մարդիկ, որոնք թույլ են տալիս փող մուրալ իրենցից»:

«Իրավունք»-ը տեղեկացնում է՝ «Երեկ անհայտ ծագում ունեցող թռուցիկներ են տարածվել ուսանողության շրջանում, որոնք ազդարարում են, որ «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն»-ը ապրիլի 9-ին հանդիպում են կազմակերպում Ազատության հրապարակում: Անհայտ ուժերի ներկայացրած հանրահավաքի նախաձեռնությունը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է սադրանք: «Իհարկե, մենք կողջունեինք ուսանողության ակտիվությունը, սակայն հստակ երեւում է, որ ինչ-որ մեկը փորձում է փնովել «Արդարություն» դաշինքին եւ «Ազգային միաբանության»-ը: Իսկ Արտաշես Գեղամյանը թերթին ասել է՝ «Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին, ապա տեղեկացնեմ այդ լուրը տարածողներին, որ ես այդ օրը կլինեմ Ստրասբուրգում, քանի որ ապրիլի 10-ից սկսվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը»:

«168 ժամ» թերթը, մեկնաբանելով գործարար Միխայիլ Բաղդասարովի այն պնդումը, թե ինքը դեռ չի կողմնորոշվել, թե որ ուժին է սատարելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում, գրում է՝ «Ակնհայտ է, որ Բաղդասարովը կլինի այնտեղ, որտեղ կլինի Սերժ Սարգսյանը: Այսօր, համենայնդեպս, հասկանալի է Բաղդասարովի չկողմնորոշված լինելը՝ նա կկողմնորոշվի ճիշտ այն վայրկյանին, երբ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե քաղաքական ուժերից որի կողքին է լինելու՝ Հանրապետականի, թե «Բարգավաճ Հայաստանի»:

«Տարեգիր»-ը փաստում է՝ «Գարունը եկավ, եւ տարիներ շարունակ մեր ժողովրդին իշխանափոխություն խոստացող ընդդիմությունը վերջապես քնից արթնացավ, ավելի ճիշտ՝ ընդդիմությանն արթնացրին քնից, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմությունն արթնացավ Անդրեի երգից: Եվ շատ շուտով պարզ դարձավ, որ մեր ընդդիմությունը լավ էլ անզիջում ու պայքարող ընդդիմություն է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Անդրեին ու երգարվեստին: Եվ փաստորեն Անդրեի երգը միակ շարժառիթն էր, որը ստիպեց միավորվել իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորներին: Նրանք բոլորն էլ միաձայն կարծիք հայտնեցին առ այն, որ Անդրեով ու Անդրեի երգով չի կարելի ներկայացնել հազարամյա մշակույթ ունեցող երկիր»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG