Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը մեկնում է Բաքու


Այսօր սկսվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան: «Երկու երկրների հարաբերությունները ավելի քան բարեկամական են», - փաստում են Ադրբեջանի լրատվամիջոցները, - «բավական է նշել, որ 1991 թվականին Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը եւ մինչ օրս շարունակում է օգնել եղբայրական Բաքվին»:

Ըստ Թուրքիայի Արդյունաբերական պալատի վիճակագրության, Ադրբեջանը երկրորդ երկիրն է Հոլանդիայից հետո, որտեղ թուրք գործարարները ձգտում են ներդրումներ կատարել. ըստ այդմ, այսօր Ադրբեջանի տնտեսության մեջ թուրքական կապիտալի ծավալը հասնում է մոտ երկու միլիարդ դոլարի: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին տարիների ընթացքում հարյուրավոր ընկերություններ Թուրքիայում դադարեցրել են իրենց գործունեությունն ու ամբողջությամբ տեղափոխվել Ադրբեջան:

Նախատեսվում է, որ Սեզերի այս այցից հետո երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն. համենայնդեպս, նախագահ Սեզերի ու Ալիեւի առաջիկա հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, կողմերը փորձելու են հստակեցնել նաեւ սեփական դիրքորոշումները Իրանի հարցում, ինչպես նաեւ բանակցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի տեխնիկական ու ֆինանսական մանրամասների շուրջ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG