Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանի խորհրդականը պնդում է, թե Թուրքիայում 50 հազար հայաստանցի է ապրում


Ելույթ ունենալով Նյու 3որքի Արտաքին հարաբերությունների խորհրդում, Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, Թուրքիայի խորհրդարանի անդամ Էգեմեն Բագիշը հայտարարեց, թե միջազգային դիտորդները ակնկալում են, որ Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ:

«Մենք ճանաչում ենք Հայաստանն իբրեւ ինքնիշխան պետություն: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց հարգում ենք նրանց (հայերի) ինքնիշխանությունն այնպես, ինչպես հարգում ենք նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ինքնիշխանությունը»:

Թուրքիայի վարչապետի խորհրդականը ասաց, թե Թուրքիան չի բացում իր սահմանները Հայաստանի հետ եւ չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ, քանի որ Հայաստանը չի ճանաչում այդ սահմանները: «Հայաստանի Սահմանադրությունը կոչ է անում չճանաչել սահմանները Թուրքիայի հետ», - ասաց Թուրքիայի վարչապետի խորհրդական Էգեմեն Բագիշը Նյու 3որքի Արտաքին հարաբերությունների խորհրդում կայացած դասախոսության ժամանակ:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է հեղինակավոր հետազոտական կենտրոնում հավաքված փորձագետներին եւ լրագրողներին, թե ներկայումս Թուրքիայում բնակվում է ավելի քան 50 հազար հայաստանցի, որոնց մեծ մասը ապօրինի ներգաղթողներ են: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականի պնդմամբ՝ հայաստանցիները Թուքիայում հիմնականում աշխատում են իբրեւ դայակներ թուրք ընտանիքներում:

«Թուրքերը իրենց ամենաթանկ բանը՝ երեխաներին վստահում են հայաստանցիներին: Դա նշանակում է, որ մարդկանց մոտ ատելություն չկա: Սա ապացուցում է, որ մեզ շատ բան է միացնում, որ մեր մշակույթներում շատ ընդհանրություններ կան», - հայտարարեց վարչապետ էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG