Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովը չի կարծում, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում Ռամբույեից հետո:

Յուրի Մերզլյակովի խոսքերով, «անընդհատ տեղի են ունենում տարբեր մակարդակի հանդիպումներ, օրինակ, վերջերս իմ ամերիկացի գործընկերները տարածաշրջանում էին, Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում հանդիպելու է ինձ հետ: Նույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում է հանդիպումներ ունենալու, այնուհետեւ, տարածաշրջան կայցելի ֆրանսիացի համանախագահողը: Այնպես որ այսօր գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը, այսպես ասած, ավելի շատ աշխատում է երկկողմ հանդիպումների ֆորմատով, այսինքն՝ համանախագահողներ գումարած Հայաստանի կամ Ադրբեջանի ներկայացուցիչը»,- «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Նրա վկայությամբ՝ «ապրիլի 7-ին առավոտյան Մոսկվայում Վարդան Օսկանյանը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Նախարարների հանդիպման օրակարգի կարեւոր հարցը ղարբաղյան հարցն է լինելու:

Յուրի Մերզլյակովը համոզված է, որ նույնիսկ եթե 2006-ին հարցը չկարգավորվի, այդ գործընթացը կարող է մի քանի տարի ձգվել, բայց միեւնույնն է՝ այսպես, թե այնպես կարգավորման տարբերակը կգտնվի:

«Այսօր կարեւոր են ավելի շուտ սուբյեկտիվ գործոնները, օբյեկտիվ գործոնները կարգավորման համար այսօր առկա են, իսկ ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, այստեղ անելիքը շատ է,- ասում է դիվանագետը: Այսօր կողմերը դեռ պատրաստ չեն բացատրել հասարակությանը, որ հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, որ փողզիջումները պարտադիր են, որ սպասվելիք կարգավորումը չի կարող իդեալական լինել կողմերից եւ ոչ մեկի համար:

Ռուսաստանցի դիվանագետը ասաց,
որ համանախագահների մեջ որեւէ տարաձայնություն չկա, իսկ ինքը Ստամբուլ չէր ժամանել, որովհետեւ հիվանդ էր. «Ի՞նչ է, պետք է լրագրողներին իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը ներկայացնեի, որ հավատաին», ասում է Մերզլյակովը:

Թե երբ կկայանա Քոչարյան-Ալիեվ հաջորդ հանդիպումը, Յուրի Մերզլյակովը դեռ չգիտի, բայց ասում է, որ դա պետք է լինի մի որեւէ միջազգային միջոցառման շրջանակներում, որտեղ ներկա կլինեն երկու նախագահները: «Հատուկ երկկողմ հանդիպում կազմակերպելը Ռամբույեից հետո նպատակահարմար չէ»:

«Դա բարդ հարց է, որովհետեւ որեւէ գագաթնաժողով, որին երկու նախագահներն էլ ներկա կլինեն, կարծես, մոտ ապագայում նախատեսված չէ»,- ասել է Մերզլյակովը:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ռամբույեում հարցին նա պատասխանեց. «Մեր առաջարկած համաձայնագրի մեջ կար ինքնորոշման եվ տարածքային ամբողջականության սկզբունքների, այսպես ասած, սինթեզը»: Ռուս դիվանագետի հավաստմամբ, այդ երկու սկզբունքները կարելի է համատեղել: Իսկ ինչո՞ւ այդ երկու սկզբունքների համատեղումը չի ստացվել հարցին նա պատասխանել է. «Մինչեւ վերջ չի ստացվել»:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG