Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իշխանությունները չեն կարող ինձ հեռացնել երկրից»


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ պատրաստվում է միչեւ վերջ մնալ ու գործել Հայաստանում՝ հակառակ իր եւ իր ընտանիքի նկատմամբ իշխանություների կողմից գործադրվող ճնշումների:

«Ինձ եւ իմ ընտանիքին ոչ նախկին, ոչ ներկա, ոչ էլ վաղվա իշխանությունները չեն կարող հեռացնել երկրից եւ վախեցնել մանր հարվածներով: Ինձ համար հայրենիքը շահութավայր չէ», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանում այսօր հրավիրած ասուլիսում:

Նրա փոխանցմամբ՝ դժվար է ասել, թե ի՞նչն է այդքան մտահոգել իշխանություններին, որ իր նկատմամբ ճնշումները սկսել են ակտիվ բնույթ կրել: «Գուցե խնդիրը առաջիկա ընտրական գործընթացներն են, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ այս կամ այն գործիչը, քաղաքական ուժը կարող են իրենց դիրքերը թուլացնել»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը համոզված է, որ այդ ճնշումներն առավել ակտիվացան նախագահին ուղղված իր հարցերից հետո: Մարզերում եւ գյուղերում սկսեցին ահաբեկել իր կուսակցության ներկայացուցիչներին, մարդկանց ստիպում են ստորագրել, թե իրենք ստիպված են մասնակցել հանրահավաքներին, իր կնոջը մեղադրեցին հասարակական կազմակերպության գումարները քաղաքական նպատակներով ծախսելու մեջ, իսկ վերջերս էլ փակեցին Պարոնյանի անվան թատրոնում գտնվող «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը:

«Ես իմ ընկերների հետ միասին պատրաստվում եմ պաշտպանել մեր իրավունքները՝ օրենքի խստիվ հետապնդմամբ եւ սահմանադրական իրավունքի ողջ տրամաբանությամբ: Թող վերցնեն ամբողջ ունեցվածքս՝ ինձ միայն մի վրան է պետք, բայց վերջին շրջանի փորձառությունը ցույց է տալիս, որ նույնիսկ վրանի հանդեպ վախ կա», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG