Մատչելիության հղումներ

«Ռուսական ակցիզային դրոշմանիշները կեղծելու հնարավորությունը հասցվել է նվազագույնի»


Հայաստանի կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները մարտ ամսից դադարեցրել են իրենց արտադրանքի առաքումը Ռուսաստան: Պատճառը նոր ակցիզային դրոշմանիշների ներդրման մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշումն է:

Հայաստանից կոնյակ է արտահանում 33 ձեռնարկություն, որոնցից ամենախոշորը՝ Երեւանի կոնյակի գործարանն է: Կոմերցիոն տնօրենի տեղակալ Գրիգորի Ղազարյանի վկայությամբ, Երեւանի կոնյակի գործարանը տարեկան Ռուսաստան է առաքում մոտավորապես 3,5 միլիոն լիտր կոնյակ:

Մյուս խոշոր ձեռնարկություններից «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը առաքում է ավելի քան 1 միլիոն լիտր: «Գրեյթ Վելլի» ընկերության կոնյակ արտադրող երկու գործարաններից տարեկան առաքվում է մոտ 2 միլիոն լիտր: ՄԱՊ ընկերության կոնյակի արտահանման ծավալները զգալիորեն պակաս են՝ մոտ 500 հազար շիշ: Ոչ պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան է առաքվում 7-8 միլիոն լիտր կոնյակ, մոտավորապես 150-200 միլիոն դոլար ընդհանուր արժեքով:

Երեւանի կոնյակի գործարանի կոմերցիոն տնօրենի տեղակալի փոխանցմամբ, ակցիզային դրոշմանիշների փոփոխությունը արտահանման ծավալների վրա չի ազդի, չնայած, որ մարտի 1-ից դադարեցրել են առաքումը՝ «Բոլորովին վախենալ պետք չէ դրանից, մենք մինչեւ փետրվարը ներառյալ արտահանել ենք հին տիպի ռուսական դրոշմանիշներով, շատ-շուտով ստանալու ենք նոր դրոշմանիշները: Կոնյակը շշլացված սպասում է նոր դրոշմավորման»:

Իսկ ՄԱՊ ընկերության տնօրենի տեղակալ Շուշան Կարապետյանի փոխանցմամբ, իրենք ենթադրում են, որ եթե օրենքը չփոխվեր, արտահանումը կարող էր ավելի շատ լինել: Նա չբացառեց այս փոփոխության արդյունքում կոնյակի գնի բարձրացման հնարավորությունը, բայց նաեւ ասաց, որ ոչ էական գների աճ կարող է լինել հենց Ռուսաստանում: Փոխարենը, Շուշան Կարապետյանի կարծիքով, ներքին շուկայում ավելի հավանական է գների բարձրացում գազի սակագնի բարձրացման պատճառով, ինչը կազդի աստիճանաբար:

Գրիգորի Ղազարյանի մեկնաբանությամբ, իրականացվող փոփոխությունը բխում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ կոնյակ արտահանողների շահերից, որովհետեւ ակցիզային դրոշմանիշները կեղծելու հնարավորությունը հասցվել է նվազագույնի:

Կոնյակ արտահանող բոլոր ձեռնարկություններն էլ որոշակի խնդիրներ կունենան, «Գրեյթ Վելլի» ընկերությանը պատկանող երկու գործարաններն արդեն ամբողջ ծավալով չեն աշխատում:

Գրեթե բոլոր արտահանողներն էլ կանխատեսում են, որ շուկայում կոնյակ արտադրողներից առաջիկայում կմնան այն խոշոր ընկերությունները, որոնք ոչ միայն կարողանում են ապահովել արտահանման զգալի ծավալներ, այլեւ Ռուսաստանում կոնյակ պահեստավորելու հնարավորություն ունեն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG