Մատչելիության հղումներ

«Գազի թանկացումը գների ընդհանուր մակարդակն էապես չի բարձրացնի»


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը պնդում է, թե ռուսական գազի թանկացումը էապես չի բարձրացնի գների ընդհանուր մակարդակն Հայաստանում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պարոն Ռոբինսոնը կրկնեց երկու շաբաթ առաջ արած իր հայտարարությունն այն մասին, որ գազի թանկացման ազդեցությունը Հայաստանում կարող է չլինել այնքան սարսափելի, որքան ոմանք ներկայացնում են:

Նրա խոսքերով, «Գազի թանկացումը հնարավորություն ունի ազդելու էլեկտրաէներգիայի գնի վրա: Դա, բնականաբար, ազդելու է այն հայաստանյան ընտանիքների բյուջեների վրա, որոնք ձմռանը իրենց բնակարանները գազով են տաքացնում: Բյուջեի առումով, այն ավելի մեծ ազդեցություն կունենա առավել աղքատ ընտանիքների վրա»

Ռոբինսոնի փոխանցմամբ, վերջին տարիներին արդյունաբերության բնագավառում էլեկտրաէներգիայի պահանջի նվազման հետ մեկտեղ աճել է գազի պահանջարկը:։

Այդուհանդերձ, գազի գինը դեռ չբարձրացած, արդեն որոշ ապրանքներ, ասենք, շաքարավազը՝ 50 դրամով թանկացել է։ Ռոջեր Ռոբինսոնը մեկնաբանելով այս իրավիճակն ասաց, թե անմիջական որեւէ կապ չի տեսնում գազի ապագա թանկացման եւ շաքարավազի գնի ներկա աճի միջեւ։

Բանկի ներկայացուցիչը խոհուրդ տվեց այդ հարցն ուղղել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Ինչ վերաբերում է գազի թանկացման ազդեցության հաշվարկին, ապա կառավարության պատվերով Համաշխարհային բանկի փորձագետները ուսումնասիրում են այդ խնդիրը ու իրենց եզրակացությունները առաջիկայում կներկայացնեն պատվիրատուին:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG