Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունել է սոցիալական ուղղվածության մի շարք կարեւոր որոշումներ


Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք բխում են անցած տարի սոցիալական ապահովության բնագավառում Ազգային Ժողովի ընդունած մոտ 1 տասնյակից ավելի կարեւոր օրենքներից:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ որոշումները ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նրա խոսքերով, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը, ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը, ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը:

Մեկ այլ որոշմամբ, «Աշխատանքյաին խեղման եւ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամների հաշմանդամության ողջ ժամանակահատվածը հաշվառվում է, որպես աշխատանքյաին ստաժ»: Ըստ էության խոսքը 1-ին կարգի հաշմանդամների մասին է նախկինում երբեք նրանց անաշխատունակության շրջանը ստաժ չի հաշվարկվել:

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվել է նաեւ գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի եւ երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը: Այդ վերապատրաստումը նախատեսում է յուրաքանչյուր հայտատուի համար 80 հազար դրամ:

Գործադիրը նաեւ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել կառավարության 2003թ. մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշման մեջ, որը պայմանավորված է 2005թ. նոյեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որն ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Որոշմամբ, մասնավորապես, հստակեցվել են օրենքով սահմանված կարգով նշանակված տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակների վերահաշվարկման կարգը:

Բացի այդ, կենսաթոշակառուներից շատերը վերջին տարիներին հեռացել են Հայաստանից եւ նրանց կենսաթոշակի վճարումը կասեցվել կամ դադարեցվել է: Նոր որոշման համաձայն այդ կենսաթոշակառուները կկարողնան լիազորագրի միջոցով ստանալ վերջին 3 տարիների իրենց կենսաթոշակը:

Օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվել է նաեւ հաշմանդամության ժամկետը լրացած եւ վերափորձաքննության չներկայացած, ինչպես նաեւ՝ հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու կարգը:

Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG