Մատչելիության հղումներ

«Հայաստանում մամուլի ազատության խնդրում առաջխաղացում չկա»


Վիեննայում տեղակայված Մամուլի միջազգային ինստիտուտը այսօր հրապարակելու է 2005 թվականի զեկույցը: «Հայաստանում իրավիճակը նախորդ տարիների համեմատությամբ առանձնապես չի փոխվել, էական բարելավում չկա, կան մամուլի ազատությունը խախտելու բազում դեպքեր, մասնավորապես, առ այսօր խնդիրներ ունի «Ա1+» հեռուստաընկերությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մամուլի միջազգային ինստիտուտի խորհրդական Դիանա Օրլովան, ով հետեւում է ԱՊՀ-ի տարածաշրջանի զարգացումներին:

Նրա խոսքերով, նախկին խորհրդային այլ երկրների համեմատությամբ Հայաստանը չի դիտվում մամուլի ազատության գաղափարի ջատագով, այդ առումով, շատ ավելի նախանձելի դիրքերում են բալթյան հանրապետությունները:

Հարավային Կովկասի երեք երկրներում գրեթե նույն կացությունն է: «Իհարկե, վերջին երկու տարում Վրաստանում շատ բան է փոխվել, իշխանափոխություն է տեղի ունեցել: Իսկ Ադրբեջանում իրավիճակը, թերեւս, ամենածանրն է, չմոռանանք, որ այնտեղ անցյալ տարի լրագրող է սպանվել», - նշեց Օրլովան՝ հավելելով, որ ԱՊՀ-ի տարածքում ամենաբարդ կացությունն այժմ Բելառուսում է:

Ըստ Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի, ընդհանուր հաշվով ամբողջ աշխարհում անցյալ տարի սպանվել է 65 լրագրող, մամուլի համար ամենավտանգավոր երկիրն այսօրվա դրությամբ Իրաքն է: Լրագրողներ են սպանվել 21 երկրներում եւս, 4-ը՝ Արեւելյան Եվրոպայում, 26-ը՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ վերջին երկուսը համարվում են աշխարհում մամուլի համար ամենաանբարենպաստ տարածաշրջանները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG