Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«236 մլն. դոլարը լավ է եւ երկրի զարգացման եւ դրմաշնորհների «ուտելի» մասի վրա ձեռք տաքացնողների համար, սակայն եթե շարունակենք ընտրություններ անցկացնել այնպես, ինչպես միշտ անցկացրել ենք, այս մի դրամաշնորհը կարող է կոկորդներումս մնալ,- զգուշացնում է «Ազգ»-ը, …. ամերիկյան կառավարության պարզ թվացող պայմանը` ժողովրդավարական բարեփոխումների շարունակումն ու խորացումը, կարող է հայերիս ատամի բանը չլինել»:

Մեկնաբանի մատուցմամբ.«Վարդան Օսկանյանը համարյա խոստումի նման ասել է, թե «2007-2008 թվականների ընտրությունները կլինեն մեր ժողովրդավարության քննությունը», սակայն ակնհայտ է, որ ընտրությունները նրանից չեն կախված եւ ոչ էլ առանձնապես բարեփոխվող ընտրական օրենսգրքից , կամ ճշտվող ընտրացուցակներից, եւ ոչ ել անգամ` իշխանության բարի կամքից: Եվ ինչքան էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրենը մտահոգություններ հայտնի, կամ մտադրությունների նոր նամակ ուղարկի մեր երկրի նախագահին` Նահանգներում մեր երկիրը ներկայացնողների աշխարհընկալումները կարող են համարժեք չլինել այն խմբերի պարագլուխների նկրտումներին, որոնք իրենց օբյեկտներում ու խնջույքի սեղանների շուրջն ապագա խորհրդարանի պատկերն են գծում իրենց «ճշտով» եւ իրենց իսկ պատկերով»:

«ՀՀ իշխանությունների այն հավաստիացումները, թե 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ, ուղղակի զուրկ են որեւէ իրական հիմքից, եւ վերջին տարիների ներքաղաքական զարգացումները ուղղակիորեն ցույց են տալիս այդ խոստման իրականացման անհնարինությունը»,- իր անվստահությունն է հայտնում «Հայկական Ժամանակ»-ը:

Գրոտեսկային ոճով նկարագրելով իշխանական ու ընդդիմադիր թիմերի միջեւ ֆուտբոլային անազնիվ, ծեծ ու ջարդով ուղեկցվող խաղի տեսարաններ, թերթը նույն ոճով շարունակում է. «Եվ ահա գալիս է մի ժամանակ, երբ իշխանությունը հերթական անգամ խոստանում է, որ 2007 թվականի խաղի ընթացքում իրենք ֆուտբոլ են խաղալու ՖԻՖԱ-ի կանոներով: Իհարկե, նրանք պատրաստ են կատարել խոստումը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակառակորդ թիմի խաղացողների մի մասը, նախորդ խաղերի փորձը հաշվի առնելով, վախենում է դաշտ դուրս գալ, մյուս մասը դեռ չի հասցրել վերականգնել նախկինում ստացած վնասվածքները, մի մասն էլ տկլոր է ու սոված: Եւ ի՞նչ եք կարծում, ու՞մ հաղանակաով կավարտվի այս հանդիպումը»,- հարցի պատասխանը «Հայկական ժամանկ»-ը համարում է «ակնհայտ»:

«Հայոց Աշխարհ»-ն էլ գերադասելով այլ մրցամարտի համեմատություն գրում է.-Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հասարակական եւ քաղաքական պայքարի հոգեբանությունը նմանվում է բռնցքամարտի հոգեբանությանը: Իշխանության ու ընդդիմության հակամարտության, ներիշխանական եւ ներընդդիմադիր հարաբերությունների մեջ արդեն ոչ ոք չի հետաքրքրվում գործի էությամբ: Կարեւոր են միայն պատկանելիությունը տվյալ ճամբարին, խմբին, թիմին եւ խոցելիությունը յուրաքանչյուր առանձին վերցրած պահին: Թշնամու յուրաքանչյուր գործողության մեջ անպայման թաքնված է «մերոնց» դեմ ուղղված ինչ-որ բան, եւ պատասխանել հարկավոր է ողջ թափով, միայն պետք է սպասել մինչեւ նա, բռնցքամարտի լեզվով ասծ, «բացվի»:


Ըստ շրջանառվող տեղեկությունների, սպասվում է, որ ապրիլին կհայտարարվի «Արդարություն» դաշինքի լուծարման մասին, որին կհաջորդի Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի եւ Ալբերտ Բազեյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միջեւ որակապես նոր դաշինքի ձեւավորումը, - գրում է «Առավոտ»-ը, վկայակոչելով իր աղբյուրների փոխանցած լուրերը:

Թերթը ներկայացնում է «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանի կարծիքը, վերջինիս խոսքերով 9 կուսակցություններ միավորող այս դաշինքի լուծարման մասին խոսակցություններն արհեստական են, «որովհետեւ դաշինքը ստեղծվել էր 2003 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ մինչեւ ԱԺ նոր ընտրություններ գործելու նպատակով, իսկ նոր ընտրություներին քիչ ժամանկ է մնացել»:

«Առավոտ»-ում բերված է նաեւ դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կարծիքը.«թե քաղաքական օրացույցով, թե քաղաքական տրամաբանությամբ «Արդարություն» դաշինքն ապրում է իր քաղաքական մայրամուտը»:


«Գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ վարչապետը, ըստ էության, ավելին դեռ չի կարող ասել, քան նախօրեին ասել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ռուսական կողմին գազի գինը փոխհատուցելու ներկայացված առաջարկների մասին»,. գրում է «Հայոց Աշխարհ»-ը ներկայացնելով վարչապետի կարճ պատասխանը.«բանակցություններ ասելով, հենց դա նկատի ունենք»:

Հայաստանի Հանրապետություն թերթն էլ ընդգծելով թե կառավարությունը քայլեր է նախատեսում գազի գները մեղմելու ուղղությամբ ներկայացնում է լրագրողների հետ նույն զրույցից Անդրանիկ Մարգարյանի հետեւյալ պատասխանը. «Միայն կառավարության որոշումով մենք կարող ենք խնդիրը լուծել: Կառավարությունը լրացուցիչ միջոցներ ունի, որ կարող է որոշակի փոխհատուցում տալ: Հանձնաժողովը / Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը/ իր գործը կատարել-վերջացրել է: Մնացածը մեր խնդիրն է` որքան կկարողանանք այդ գինն իջեցնել»:

Տեղեկացնելով, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հայ պատգամավորներին է ներկայացրել խորհրդարանների պատգամավորների 4-րդ համաշխարհային մարաթոնի առաջնության ծրագիրը, ըստ որի 42 կմ. 195 մետր երկարության մարաթոնի հատվածներում տեղակայված կլինեն սննդի, բժշկական օգնության կետեր, Առավոտը հավելում է. «թույլ տանք մեզ ենթադրել, որ այդ 42 կմ-անոց մարաթոնին հայ պատգամավորների մասնակցությունը կավարտվի առաջին իսկ սննդի կետում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG