Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանում թմրանյութերը եւ թմրամոլությունը ավանդաբար սուր խնդիրներ չեն»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստն այս տարի անցկացվեց Երեւանում:

Խորհրդի հովանու ներքո 2003-2005 թվականներին անցկացվել է մի քանի հաջող միջազգային օպերատիվ նախազգուշական միջոցառումներ՝ հյուսիսային եւ բալկանյան ուղիներով աֆղանական ծագման թմրամիջոցների ապօրինի փոխադրման երթուղիները հայտնաբերելու եւ արգելափակելու նպատակով:

2005 թվականի միջոցառման ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 9 հազար 352 հանցագործություն: Ապօրինի շրջանառությունից առգրավվել է շուրջ 11 տոննա թմրամիջոց:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի Ռուսաստանի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Չերկեսովը այսօր Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հետ կապված որեւէ վիճակագրական տվյալ չներկայացրեց:

Ադրբեջանի կողմից հնչող՝ նարկոթրաֆիկում Ղարաբաղի ներգրավված լինելու կապակցությամբ մեղադրանքների վերաբերյալ հարցին նա պատասխանեց. «Որպես համապատասխան ռուսական ծառայության ղեկավար, կարող եմ ասել, որ մեր պրակտիկայում փաստեր, ապացուցված դեպքեր առ այն, որ Ղարաբաղի տարածքում կամ Ղարաբաղի միջոցով իրականացվել է նարկոթրաֆիկ չկան»: Իսկ Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի վկայությամբ, «Հայաստանում թմրանյութերը եւ թմրամոլությունն ընդհանրապես ավանդաբար սուր խնդիրներ չեն»:

Այնուամենայնիվ, ոստիկանության պետի տվյալներով, Հայաստանով տարանցիկ թմրանյութերը Եվրոպա տեղափոխելու փորձեր արվում են: Նման հանցագործությունների կանխման փաստեր եղել են անցյալ, ինչպես նաեւ այս տարի. «Ամեն տարի ավելանում է բացահայտված դեպքերի թիվը, բայց դա չի նշանակում, որ ավելանում է թմրամոլությունը, առայժմ նման բան չի նկատվում, բայց եթե մենք միջոցներ չձեռնարկենք, բարդ խնդիրների առաջ կկանգնենք», զգուշացրեց ոստիկանապետը:

Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG