Մատչելիության հղումներ

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը 75 տարեկան է


Մայրաքաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկն այս տարի տոնում է իր 75-ամյակը: Հոբելյանական տարին սկսվեց դեռ ամիսներ առաջ, երբ դպրոցն անցակացրեց Սպենդիարյանի անվան հանրապետական մրցույթ: Այս տարի Սամվել Սահակյանը որոշել է այն միջազգային դարձնել: Իսկ հոբելյանը դպրոցը կտոնի մի ամբողջ համերգաշարով:

Սկսած մարտի 20-ից «Առնո Բաբաջանյան» համերգասրահում 4 տարբեր համերգներով ելույթ են ունենում դպրոցի սաները, համերգաշրջանի ավարտին՝ ապրիլի 13-ին՝ դպրոցը Օպերային թատրոնում հանդիսավոր նիստով կավարտի միջոցառումները:

500-ից ավելի աշակերտներով ու շուրջ 70 ուսուցիչներով դպրոցը վերջին տարիներին լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է հայտնվել: Սամվել Սահակյանը նախանձով է նայում հանրակրթական դպրոցներին, որտեղ եւ ուսուցիչների աշխատավարձերն են աստիճանաբար բարձրանում, եւ շենքերն են քիչ թե շատ վերանորոգվում: Կոնսերվատորիայի եւ երաժշտական ուսումնարանների սաները ցածր աշխատավարձի պատճառով չեն ցանկանում դասավանդել դպրոցներում, իրենք էլ չեն կարող աշխատավարձի պատճառով բարձրացնել ուսման վարձը:

Այս ուսումնական տարում քաղաքապետարանը համաձայնել է վճարել մի շարք աշակերտների ուսման վարձը, ասենք, այն ընտանիքներում, որտեղ երեք երեխաներն էլ երաժշտական դպրոց են հաճախում, ամիսը 18 հազարի փոխարեն վճարում են 6 հազար դրամ: Առայժմ բարդ է ջեռուցման հարցը. «Ցրտից գործիքներն էլ են շարքից դուրս գալիս, առանց այն էլ 30 տարուց ավելի է ոչ մի նոր գործիք չենք ստացել», - գանգատվում է Սահակյանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG