Մատչելիության հղումներ

Լիտվայի արտգործնախարարը կողմ է Անդրկովկասի երեք երկրների անդամակցությանը Եվրամիությանը


Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալյոնիսը Ավստրիայում լույս տեսնող «Դեռ Ստանդարտ» թերթի հարցազրույցում ասել է, որ կարող է Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան պատկերացնել որպես Եվրամիության ապագա անդամներ: Նրա խոսքերով, «Եվրամիությունը, անկասկած, հետաքրքրված է դրանում, սակայն դեռ չի եկել գործնական քայլերի ժամանակը»:

Անդրադառնալով Հարավային Կովկասի հանրապետություններին, Վալյոնիսն ասել է, որ Եվրամիությունը դրանց առջեւ պետք է բացի առնվազն խորը ինտեգրման հեռանկար: «Եթե Անդրկովկասի երեք երկրների հետ սահմաններ ունեցող Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, ապա Եվրամիության համար կենսական նշանակություն կստանա այդ երկրների անդամակցումը», - ասել է Լիտվայի արտգործնախարարը:

Նրա խոսքերով, Լիտվան եւ Եվրոպական միության մնացած երկրները իրենց անվտանգությունը երաշխավորված կհամարեն միայն այն դեպքում, եթե հարեւան արեւելյան պետություններում հաստատվեն շուկայական հարաբերություններ եւ դեմոկրատիա: «Լիտվայից դեպի արեւելք գտնվող որոշ երկներում, այդ թվում Ռուսաստանում, դժբախտաբար, մտածում են, թե իրենց անվտանգությունը ենթադրում է հարեւանների վրա հզոր ազդեցություն ապահովելու, նրանցով մանիպուլյացիա անելու հնարավորություն: Դեմոկրատիան Ռուսաստանում վճռորոշ նշանակություն ունի, եւ ես այդ մասին պարզորոշ հայտարարում եմ Վլադիմիր Պուտինին», - ասել է Վալյոնիսը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է Բելառուսին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG