Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Փոխզիջումը ընկալվում է որպես բացասական երեւույթ»


«Փոխզիջումը տարածաշրջանում ընկալվում է որպես բացասական երեւույթ. որեւէ մեկն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել, որ այն անհրաժեշտ է երկու կողմերին էլ: Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ռազմական բյուջեի վրա: Վերջին տարիների ընթացքում այն հնգապատկվել է եւ ձգտում է հավասարվել Հայաստանի ընդհանուր բյուջեին: Այնպես որ, ադրբեջանցիները ոչ միայն ներքին լսարանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ են անում, այլեւ պատրաստվում են հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունների դիմել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժնի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: «Սա մի հակամարտություն է, որ գլոբալ աղետի վերածվելու մեծ ներուժ ունի»:

«Ես կասեի՝ ոչ թե հակամարտությունն է սառել, այլ դրա լուծումը», - ասում է էթնիկ հակամարտությունների գծով մեկ այլ փորձագետ՝ «Էմնիսթի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Lոուրենս Բրոուզերսը: «Երկու երկներում իշխող վարչակարգերը մենաշնորհել են բանակցային գործընթացը եւ ծառայեցնում են այն ի շահ սեփական նպատակների, ինչը կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկն է», - ասում է բրիտանացի փորձագետը:

«Քանի դեռ երկու երկրներում իշխանությունները լեգիտիմության խնդիրներ ունեն, դժվար թե հնարավորություն ընձեռեն այլ ուժերի ներգրավվել բանակցային գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը հակամարտող կողմերից որեւէ մեկում առայժմ ակտիվ դեր չի խաղում, այնպես որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է առավել ժողովրդավար դարձնել հասարակությունները եւ ընդունելի դարձնել փոխզիջումների գաղափարը»:

«Լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այժմ կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման սկզբունքների շուրջ: Եթե նախկինում վիճարկում էին հակամարտության փուլային ու փաթեթային տարբերակները, ապա այժմ ընդունում են, որ պետք է գործի դնել երկուսը միաժամանակ. այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել վաղվան, իսկ մինչ այդ համաձայնություն կնքել այդ կարգավիճակը որոշելու մեխանիզմների շուրջ», - գտնում են փորձագետները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG